211652_close_icon
views-count2259 դիտում article-date 15:18 24-10-2021

Կկայանա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի «Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգը

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա մեցցո-սոպրանո, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի «Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգը։

Ծրագրում ընդգրկված են Կ․ Մոնտեվերդիի, Մ․Ա․ Շարպանտյեի, Լ․ Բերիոյի,  Լ․ վ․ Բեթհովենի և Տ․ Մանսուրյանի վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այս համերգով երգչուհին ամփոփում է իր ստեղծագործական տարին, որը, չնայած համավարակին՝ բավական հագեցած էր։  2021 թ. Վ. Ավանյանը ելույթ է ունեցել Մոսկվայի Նիկո ցուցասրահում, որտեղ ռուս հայտնի դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ Questa Musica նվագախմբի և երգչախմբի հետ կատարել է Կոմիտասի խմբերգերը, Ներսես Շնորհալու աղոթքները, Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ»-ը ըստ Ներսես Շնորհալու և Գաբրիել Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված վոկալ շարքը, ինչպես նաև Լուչիանո Բերիոյի «Ժողովրդական երգեր» շարքը:

Բացի դրանից՝ երգչուհին դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովայի հետ Մոսկվայի տարբեր հարթակներում ներկայացրել է հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նույն տարում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրել է Ֆ․ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան, ինչպես նաև նույն թատրոնի ճեմասրահում ունեցել է մենահամերգ՝ որտեղ երգել է Բեթհովենի՝ հազվադեպ հնչող վոկալ-գործիքային ստեղծագործությունները։

Համերգին մասնակցում են դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովան (ՌԴ), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը, դաշնակահար Ելենա Վարդազարյանը և կիթառահար Նիկոլայ Տեր-Հովհաննիսյանը։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր