211652_close_icon
views-count24445 դիտում article-date 20:26 20-10-2021

Արարատի մարզի Դալար գյուղում սպանություն կատարողի տունը հրկիզելու մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն. նա քննիչի որոշմամբ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, իսկ հետո տարված բացատրական աշխատանքների շնորհիվ  հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որպես կասկածյալ ներգրավված է հոկտեմբերի  16-ին  Վարդան Պետրոսյանի,  Գրիգոր Պետրոսյանի և այլ անձանց հետո միասին համագյուղացի Սերյոժա Սիմոնյանի տունը հրկիզելու փաստով:

Նշված փաստով  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ տան տերը, ում տունը  հրկիզվել է, այդ օրը սպանել էր համագյուղացուն, ով  Գ. Վ. և Գ. Պետրոսյանների ազգականն էր:

Պետրոսյաններն էլ գյուղում համարվում են հարգված անձնավորություններ ու երբևէ առնչություն չեն ունեցել քրեական որևէ պատմության մեջ, իսկ այս քայլին գնացել են նրա համար, երբ իմացել են, թե ով է սպանել իրենց ազգականին: Այդ մասին ասում էին SHAMSHYAN.com զանգահարած գյուղացիներից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանը ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել է  Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների ծառայողները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին էին բերման ենթարկել Արարատի մարզի Դալար գյուղի մի քանի բնակիչների:

Նրանք էին՝  29-ամյա  Էդգար Պետրոսյանը,  47-ամյա  Արտակ Պետրոսյանը,  49-ամյա Վարդան Պետրոսյանը,  ովքեր այնուհետև ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Դալար գյուղի բնակիչ,  20-ամյա Սերյոժա Սիմոնյանի տունը դիտավորությամբ  հրկիզելու մեջ: Ս. Սիմոնյանը նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել էր Դալար գյուղի բնակիչ,  30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով:

Տեղեկանալով՝  ով է սպանություն կատարողը, Վ. Պետրոսյանը և 39-ամյա Գրիգոր Պետրոսյանը  շուրջ 10 այլ անձանց հետ մոտեցել էին սպանության կասկածանքով ձերբակալված Ս. Սիմոնյանին պատկանող տանը, որտեղ հսկողություն կատարելիս են եղել ոստիկանության Արտաշատի բաժնի մի քանի ոստիկաններ, ու չենթարկվելով ոստիկանների  օրինական պահանջներին, կոտրել են տան պատուհանները, ապա հրկիզել այն:

Ահազանգով օպերատիվորեն հրդեհի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկի փրկարարներին մի պահ անգամ արգելել էին մոտենալ հրդհի վայր, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանական  լրացուցիչ ուժերի ժամանումից հետո հրշեջները կարողացել են իրենց աշխատանքը կատարել, սակայն տան գրեթե գույքի մեծ մասը վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Է. և Ա. Պետրոսյանները ձերբակալվել էին, իսկ Վ. Պետրոսյանը, ով գյուղում հայտնի է «Ֆիգարո» մականվամբ, ստորագրությամբ բաց էր թողնվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին արդեն՝ ով է հրկիզումը կատարել: Նա նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանն է:

Ձեռնարկվում էին  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գ. Պետրոսյանին, ինչպես նաև դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի         
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր