Արդարադատության նախարարությունից պահանջում ենք համակարգային լուծում տալ ցմահ դատապարտյալների խնդիրներին. ՀՔԱՎ
Ցմահ դատապարտյալ Ա․ Սարիբեկյանին կիսաբաց ռեժիմից ավելի խիստ ռեժիմի տեղափոխելու՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը 2021 թ․ սեպտեմբերի 23-ին Վարչական դատարանը, դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, անվավեր ճանաչեց։
Դատապարտյալը կիսաբաց ռեժիմում էր գտնվում 2020 թ․ մայիսից, սակայն ավելի ուշ՝ 2020 թ․ նոյեմբերի 25-ին, դատախազ Ա․ Խաչատրյանի եզրակացության հիման վրա Հանձնաժողովը որոշել էր փոխել ռեժիմը։ Ընդ որում՝ ոչ դատախազի, ոչ էլ Հանձնաժողովի որոշումներում պատշաճ հիմքեր չկան դրա համար։ Ավելին՝ դատապարտյալն անգամ հնարավորություն չի ունեցել մասնակից լինելու իր վերաբերյալ վարչական վարույթին, կարծիք հայտնելու։
Դատապարտյալի իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Անի Չատինյանը, և նախ Հանձնաժողովի որոշումը բողոքարկել Քրեակատարողական ծառայություն, ապա՝ արդյունք չունենալուց հետո՝ դատարան։
Չնայած նրան, որ դատախազը որևէ հիմնավորում չէր դրել իր եզրահանգման հիմքում, Հանձնաժողովն էլ համարել էր, որ դատապարտյալի վարքագծում բացասական տեղաշարժ է եղել, դատարանն այդպես չի կարծում։
Դատավոր Ռ․ Մաքեյանն ուսումնասիրել է վարչական վարույթի նյութերը և պարզել, որ ավելի խիստ ռեժիմով փոխարինելու որևէ հիմք չկա, ավելին՝ «դատապարտյալ Ահարոն Սարիբեկյանի վարքի դինամիկայում նկատվել է դրական տեղաշարժ»: Իսկ դատախազի եզրահանգման հիման վրա, ըստ դատարանի, կարելի է ընդունել այլ որոշում ևս, բայց Հանձնաժողովը նախընտրել է անբարենպաստ որոշում կայացնել։
Այսպիսով՝ դատարանը բավարարել է հայցը, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը համարել ոչ իրավաչափ և անվավեր ճանաչել։
Ցմահ դատապարտյալների նկատմամբ այս վերաբերմունքը, սակայն, համատարած է, և այս վճռով իրավիճակը չի փոխվում։ Օրեր առաջ էլ նույն խնդրով հացադուլ են հայտարարել մի խումբ այլ դատապարտյալներ, լուրը հրապարակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ահազանգ ստացավ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
Իսկ ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործով էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է տարիներ շարունակ։ ՀՔԱՎ-ը բազմիցս բարձրաձայնել է նրա գործում տեղ գտած ապօրինությունների մասին, իրավապահ մարմիններին հորդորել զբաղվել ինչպես այդ, այնպես էլ մյուս ցմահ դատապարտյալների գործերով, վերանայել դրանք։ Սակայն՝ ոչ մի փոփոխություն։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ դիմել է նաև ցմահ դատապարտյալ Արտակ Ճաղարյանը։ Ա․ Ճաղարյանը բարձրաձայնում է ցմահ ազատազրկման այլ համակարգային խնդիրների մասին ևս։ Իր նամակում նա նշում է, որ չնայած ցմահ ազատազրկումը վերջին տարիներին, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, ավելի հազվադեպ է կիրառվում, բայց ավելի վաղ ցմահ դատապարտված անձանց իրավունքներն այդպես էլ անտեսված են մնացել։
Բանն այն է, որ երբ 2003-ին մահապատիժն արգելվեց, նախկինում մահապատժի դատապարտված անձինք (Հայաստանի անկախացումից ի վեր, որպես կանոն, մահապատիժ սահմանվում, բայց չէր կիրառվում) ինքնաբերաբար ցմահ ազատազրկվածի կարգավիճակ ստացան, իսկ ավելի ուշ, երբ պատժատեսակների մեջ փոփոխություններ եղան (2011 թ․ քրեական օրենսգրքում փոփոխություններ եղան, ըստ որի՝ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի՝ նախկին 15 տարվա փոխարեն), նախկինում ցմահ ազատազրկվածների խնդրին էլի ոչ մի անդրադարձ չեղավ։
Փաստացի նույն կարգավիճակում գտնվող, բայց ավելի ուշ դատապարտված անձինք, ավելի մեղմ պատժատեսակների հնարավորություն ունեն, քան մինչև 2011 թ․-ը դատապարտվածները։
Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիքրը հստակ սահմանում է, որ եթե օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն պետք է հետադարձ ուժ ունենա՝ կիրառվի դրա ընդունումից առաջ դատապարտված անձանց նկատմամբ։ Սակայն ինչպես տեսնում ենք, դա չի կիրառվում և ցմահ ազատազրկվածների իրավունքները շարունակվում են խախտվել, իսկ պետությունը որևէ ջանք չի գործադրում նրանց իրավունքները վերականգնելու համար։ Խնդիրն ինչպես կար նախկինում, այնպես էլ մնաց Թավշյա հեղափոխությունից հետո։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս համատեքստում նշում է, որ եթե ներպետական օրենսդրությամբ պատժի վերանայման և պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմ նախատեսված չէ կամ նախատեսված է, բայց անձը փաստացի չի կարողանում օգտվել դրանից, առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտում։
Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պետք է լինի ազատազրկման առավելագույն՝ արդարացված և համարժեք սահման, որից հետո իրավախախտին պետք է հնարավորություն տրվի ցույց տալու, որ ինքն արժանի է հասարակություն վերադառնալուն։
ԵԽ նախարարների կոմիտեն դեռևս 1976թ․ վերանայել է երկարատև ազատազրկման և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցերը և ընդունել է բանաձև, որով արձանագրել է, որ ոչ ոք չպետք է զրկված լինի ազատություն վերադառնալու հնարավորությունից։ Կոմիտեն առաջարկել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառել նույն սկզբունքները, որոնք կիրառվում են երկարատև ազատազրկման դատապարտված այլ դատապարտյալների դեպքերում։ Ինչպես նաև պարբերաբար վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը։ Մեկ այլ առաջարկությամբ Կոմիտեն դեռևս 2003-ին նշել է, որ պայմանական ազատման չափանիշները պետք է պարզ, հասկանալի և իրատեսական լինեն, հաշվի առնեն անձի անձնային առանձնահատկությունները, սոցիալական ու տնտեսական հանգամանքները, ինչպես նաև սոցիալական վերականգնման ծրագրերի հնարավորությունը: Իսկ այդ չափանիշներին չբավարարելը պետք է ապացուցեն իշխանությունները։
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր «Փաստացի/իրական ցմահ ազատազրկում» զեկույցում լուրջ դիտողություններ է ներկայացրել ցմահ դատապարտվածներին հասարկության համար մշտապես սպառնալիք համարելու մասին։ Կոմիտեն նշել է, որ ազատություն վերադառնալու ոչ մի մերժում չպետք է լինի վերջնական, նույնիսկ, եթե անձը վերադարձել է բանտ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելուց հետո։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ՀՀ արդադատության նախարարությունից պահանջում ենք իրավական լուծում տալ այս խնդրին և վերականգնել ցմահ դատապարտյալների իրավունքները։
ասամբլեայի Վանաձորի գրասենյակ