211652_close_icon
views-count19840 դիտում article-date 20:36 30-09-2021

Դատարանը վճռեց, որ Ալեն Սիմոնյանին զրպարտել են

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/23423/02/20 վճռով մասնակի բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, որով պարտավորեցել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները:

Դատարանը զրպարտություն է որակել iravunk.com կայքի 2020թվականի հունիսի 20-ի՝ «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդվածի հետևյալ արտահայտությունը. «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:

Դատարանը պարտավորեցնում է լրատվամիջոցին հերքումն իրականացնել «https://iravunk.com/» կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվամիջոցի կայքում, «Հերքում» խորագրի ներքո, որն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Դատարանը վճռել է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությունից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցի մասով պետական տուրքի նախապես վճարված գումար և «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությունից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Ալեն Սիմոնյանի հայցադիմումների հիման վրա դատարանի վարույթում դեռ քննվում են գործեր, որոնք վերաբերում են պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջներին։

Նմանատիպ նյութեր