211652_close_icon
views-count1583 դիտում article-date 13:23 29-09-2021

Առաջնահերթ խնդիրներից մեկը Արցախում հայ բնակչության գոյության ապահովումն է. Սերգեյ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին, որը կարևոր տեղեկություններ է հաղորդել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված ծանր վիճակի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև դռնփակ նիստը Սերգեյ Ղազարյանն իր խոսքում նշել է, որ բազմաթիվ մարտահրավերների ու խնդիրների թվում առաջնահերթ խնդիրներից մեկը Արցախում հայ բնակչության գոյության ապահովումն է:

«Պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում առաջնահերթ խնդիրներից է Արցախում հայ բնակչության գոյության ապահովումը, որի հետ սերտորեն կապված են կենսական պայմանների, ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման և այլ հարցեր: Ամենածանր կորուստների շարքում մարդկային կորուստներն են», - ասել է Արցախի մշտական ներկայացուցիչը:

Սերգեյ Ղազարյանի ներկայացրած տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի Հանրապետության 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 5 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած, սպանվել են 80 քաղաքացիական անձինք, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, գերեվարման մեջ են 38-ը:

Պատերազմի հետևանքով կա շուրջ 42 հազար տեղահանված, որոնցից 38 154 քաղաքացիներ զրկվել են բնակավայրից և անշարժ գույքից: Տեղահանվածներից 15 հազարը Ստեփանակերտում են գտնվում, 5 հազարը՝ Արցախի Հանրապետության շրջաններում: Նրանց բնակարաններով ապահովելու համար արդեն իսկ ունենք վարձակալության 3 000 պայմանագիր, 1 960 մարդ ապրում է հյուրանոցներում: Զեկուցողի խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան՝ տեղահանվածներին տեղավորելու նպատակով:

Սերգեյ Ղազարյանը նաև հայտնեց, որ պատերազմի հետևանքով հակառակորդին է անցել Արցախի Հանրապետության 192 բնակավայր՝ 85 գյուղ, 7 քաղաք:

«Արցախի Հանրապետությունն այս պահին ունի բնակֆոնդի ավելացման սուր կարիք: Որոշ ծրագրեր արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել մոտ 300 տան կառուցման գործընթացը»,- շեշտեց զեկուցողը:

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև Արցախի ենթակառուցվածքները: Մասնավորապես, էներգետիկ համակարգում 36 գործող ՀԷԿ-երից մնացել է ընդամենը 6-ը: Լուրջ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտում, որտեղ կրած վնասները նախնական տվյալներով կազմում են մոտ 42 մլն 600 հազար դրամ: Պատերազմի հետևանքով լրջորեն տուժել են 1226 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք գործունեություն էին իրականացնում Ադրբեջանի կողմից զավթված շրջաններում:

«Գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 75 տոկոսը պատերազմի հետևանքով անցել է թշնամուն: Ենթակառուցվածքներից տուժել են նաև ջրագծերն ու ջրման աղբյուրները»,- հայտնեց Արցախի մշտական ներկայացուցիչը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր