Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հարցազրույցն Al Arabiya-ին
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Al Arabiya-ն, որը հարցազրույց է պատրաստել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին կին դեսպանի հետ:
«Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա դեսպանը:
Խոսելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և հայ-ադրբեջանական խնդիրը լուծելու մասին՝ Մակունցը նշել է, որ դրա լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
«1994 թվականին, երբ մենք հաղթեցինք [Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում], մենք հետ վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Տարօրինակ է, որ նրանք (խմբ.- Ադրբեջանը) շարունակում են պահել հայ ռազմագերիներին»,- նշել է Մակունցը:
Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով շատ հայեր տեղահանվել են, և այժմ Հայաստանի կառավարությունը օրենքներ է մշակում՝ ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով:
«Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ: Պատերազմից հետո մենք որոշեցինք, որ պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում:
Մեր միակ ցանկությունը խաղաղությունն է: Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա և չենք ծրագրում նման բան»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը: