211652_close_icon
views-count1394 դիտում article-date 15:42 17-09-2021

Արմեն Սարգսյանը ՀՀ տնտեսական ու ներդրումային հնարավորություններն է ներկայացրել միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարներին

 Աշխատանքային այցով Ֆրանսիայում՝ Շամոնիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 16-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունեցել գագաթնաժողովի մասնակից երկու տասնյակից ավելի միջազգային հայտնի ընկերությունների, հիմնադրամների ու կազմակերպությունների (այդ թվում՝ Google, Cargill, Nestlé, Revolution, Highgate, OneRagtime) ղեկավարների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ հանդիպումը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսական ներուժը, զարգացման լուրջ կարողություններ ունեցող ոլորտներն ու փոխգործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին:

Խոսելով կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունների ու մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ պետք է կարողանալ ճիշտ ելքեր գտնել առկա իրավիճակից, պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար, և նախանշել է առավել հեռանկարային ու զարգացման լուրջ հնարավորություններ ապահովող ոլորտները։

Պատասխանելով գործարարների հարցերին՝ նախագահը ներկայացրել է ապագայի՝ ուժեղ Հայաստանի իր տեսլականը, որին հասնելու համար պետք է օգտագործել հայ ազգի ամենամեծ առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, երկրի զարգացմանը ծառայեցնելով Հայաստանի և հայության ողջ ներուժը:

Որպես մեր երկրի կարևոր մրցակցային առավելություններից մեկը՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Նա նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

ՀՀ նախագահը ներկաներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»:

Նմանատիպ նյութեր