211652_close_icon
views-count591 դիտում article-date 16:22 19-05-2015

Քննարկվել են Երևանում ղազախական ընկերությունների ներդրումային հնարավորություններն ու հեռանկարները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է ղազախական գործարար պատվիրակության կազմում Երևան ժամանած «KAZNEX INVEST» արտասահմանյան և ներդրումային ազգային ընկերության գործադիր տնօրեն Ասկար Արինովի ու « СВЕТОКОМ» ընկերության մարքեթինգի մասնագետ Նադեժդա Չերիշևայի հետ: Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանի արտաքին կապերի և տրանսպորտի վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային առաջնահերթությունները` նշելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է հնարավորին նպաստավոր պայմաններ ստեղծել արտասահմանյան ներդրողների համար: «KAZNEX INVEST» արտասահմանյան և ներդրումային ազգային ընկերության գործադիր տնօրեն Ասկար Արինովն իր խոսքում նշել է, որ հատկապես եվրասիական մաքսային միություն մտնելուց հետո ղազախ և հայ գործարարների համար լայն հեռանկար է բացվել, ինչը կնպաստի նաև երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Լուսացույցների և լուսացուցային սարքավորումների արտադրությամբ զբաղվող «СВЕТОКОМ» ընկերության մարքեթինգի մասնագետ Նադեժդա Չերիշևան էլ ընդգծել է, որ իրենց ընկերությունը շահագրգռված է համագործակցություն ծավալել ոլորտի հայ գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում Երևան ներկրել ղազախական արտադրության լուսադիոդային լուսացույցներ: Այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը կքննարկվի նաև ՀՀ ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ, քանի որ բնագավառը ՀՀ ոստիկանության ենթակայության է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր