211652_close_icon
views-count33359 դիտում article-date 09:32 10-09-2021

Ավտովթար՝ Երևանում. 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է Honda-ին, այնուհետև՝ ծառին և բախվել կառավարության մասնաշենքի պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Հովսեփյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ 1 հասցեի դիմաց՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, բախվել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Մարտիրոսյանի կողմից կայանված Honda մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ բախվել կառավարության մասնաշենքի պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պայմանագրաին ծառայողները՝ Գրիգոր Առաքելյանի գլխավորությամբ, ով մինչ բժիշկների ժամանումը, իր գործընկերների հետ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր