211652_close_icon
views-count4781 դիտում article-date 20:10 09-09-2021

Հորդորում ենք ՀՀ Կառավարության  ղեկավարին  գործել՝  ելնելով  միայն Հայաստանի շահերից,  այլ  ոչ  թե ամբողջապես սպասարկել թշնամու և գաղութատիրական ռեժիմների շահերը. «Հայկական Վերածնունդ»

«Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան  Կազմակերպություն  
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի Օգոստոսի 26 ին Ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան  ճանապարհի  փակման  վերաբերյալ  Օգոստոսի  28 ին ՀՀ  վարչապետ  Ն․ Փաշինյանի  ելույթին ի  պատասխան  «Հայկական  Վերածնունդ»  Սփյուռքյան  Կազմակերպություն  ՀՎՍԿ  հայտարարում է․  Խիստ դատապարտում և անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի ելույթը Գորիս-Կապան ճանապարհի փակման առնչությամբ, որտեղ նա հայկական պատմական տարածքները անվանում է ադրբեջաներեն տեղանուններով։

Այսպիսի մոտեցումը վայել չէ պետության ղեկավարին և բացահայտ թշնամական քայլ է սեփական ժողովրդի հանդեպ։

Մենք չենք կարող լուռ ընդունել և անպատասխան թողնել ներկայիս կառավարւթյան նման անպատասխանատու ելույթներն ու որոշումները, որոնք անդառնալի վնաս են հասցնում պետության ինքնիշխանությանը և ներկայացնում ռազմավարական վտանգ։ ՀՀ Վարչապետի այսպիսի մոտեցումը փաստացի հանդիսանում է թշնամի ուժերի և ծրագրերի շահերի սպասարկում՝ Հայատանի ինքնիշխան շահի հաշվին, քանզի ընդունում է նշված տարածքների Հայաստանի մաս չկազմելը, ինչն էլ իր հերթին հակասում է իրականությանը և պատմությանը։

Սյունիքի տարածաշրջանի վերը նշված որոշումների միջոցով տարանջատումը իր մեջ պարունակում է անդառնալի վտանգներ Հայաստան պետության գոյությանը։ Խոսելով միակողմանի տարածաշրջանային խաղաղության մասին, չենք կարող չհիշեցնել ՀՀ վարչապետին, որ ոչ մի նմանատիպ հռետորաբանություն չի լսվում Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից, այլ հակառակը՝ միայն պահանջատիրական և ագրեսիվ ելույթներ։

Պետության ղեկավարի այսպիսի կեցվածք ընդունելը ցածրացնում է Հայ ժողովրդի արժանապատվությունը և չկան որևէ արժեքներ, ներառյալ վեհ պացիֆիզմը, որոնք կարող են դա արդարացնել։ Ավելին, նման պահվածքը վատթարացնում է հայ ազգի հավաքական կերպարը միաջազգային հարթակներում, ինչպես նաև խորացնում անվստահությունը ապագայի հանդեպ երկրի ներսում։

Մեջբերելով նույն ելույթից վարչապետի խոսքերը այն մասին, որ դրական ազդակներ են երևում Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, նշենք, որ ցանկացած երկիր, ներառյալ Թուրքիան, իր հայտարարությունները և վարվելիք քաղաքականությունը իրականացնում են ելնելով իրենց երկրի ռազմավարական շահերից։  Հորդորում ենք ՀՀ Կառավարության ղեկավարին նույնպես գործել՝ ելնելով միայն Հայաստանի Հանրապետության  շահերից,  այլ  ոչ  թե  ամբողջապես   սպասարկել  թշնամու  և  գաղութատիրական  ռեժիմների  շահերը։ Այս կապակցությամբ նշենք, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը և դրա իրականացման մեթոդները, որոնք հանգում են պարզամիտ ձևերով ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելուն և միջազգային ասպարեզում երկակի օրակարգով հանդես գալուն։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին․

Ա․ անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և ռազմավարական անվտանգությանը հակասող որոշումների ընդունումը՝ մասնավորապես Սյունիքի տարածաշրջանի ճանապարհների, Հայաստան-Ադրբեջան  սահմանագծման  և  սահմանազատման  աշխատանքների  իկատար ածումը Խորհրդային Միության քարտեզների հիման վրա։

Բ․ Արցախի հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի սահմանման վերաբերյալ բանակցությունները անհապաղ ետ բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ։

Գ․ Նույն Մինսկի խմբի շրջանակներում լուծել միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման հարցը՝ պատշաճ մանդատի հիման վրա։

«Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան Կազմակերպություն Բրյուսել, 04 սեպտեմբերի, 2021թ․    Հայկական Վերածնունդ սփիւռքեան կազմակերպութեան բանբեր՝ Շանթ Ոսկերիչեան, Փարիզ 

Նմանատիպ նյութեր