211652_close_icon
views-count2169 դիտում article-date 23:42 03-09-2021

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ նշվում է Մոսկվայի ծննդյան 874-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվան նշում է ծննդյան 874-ամյակը: Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ լայնամասշտաբ նշվում է նաև Երևանում։

Միջոցառումների գրաֆիկը խիտ է և բազմաժանր՝ կրթական, մշակութային, սոցիալական, սպորտային։ Այս տարի առաջին անգամ «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի ծննդյան 874 ամյակին անվանական կրթաթոշակ շնորհեց բանասիրության ֆակուլտետի մեկ ուսանողի (մասնագիտացումը՝ ռուսերեն և գրականություն)։ Կրթաթոշակը յուրաքանչյուր տարի Մոսկվայի օրվա կապակցությամբ շնորհվելու է մեկ լավագույն ուսանողի` ռուսաց լեզվի հանրայնացման համար։
 
«Մոսկվային ու Երևանին միավորում է բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունները, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ հետաքրքրությունը: Այս գործակցության շրջանակում մեր  կենտրոնը  նպաստում է մշակութային, դաստիարակչական, գործարար, հումանիտար կապերի զարգացմանը մեր երկու երկրների մայրաքաղաքների միջև,  աջակցում է ռուսաց լեզվի մասսայականացմանը, զարգացնում երկու քաղաքների ու պետությունների միջև զբոսաշրջությունը։ Վստահ եմ, որ նման միջոցառումները կնպաստեն մշակութային երկխոսության զարգացմանը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Մոսկվայի օրերի բացումը ազդարարվեց Միխայիլ Ամիրխանյանի «Հայաստանը ռուս պոեզիյում» (Армения в зеркале русской поэзии) գրքի շնորհանդեսով։ Գրքում ներկայացված են ռուս գրողների այն բոլոր բանաստեղծություններն ու ստեղծագործությունները, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանին և հայերին։  Շնորհանդեսին օնլայն միացան Մոսկվայի հայկական թատրոնի դերասանները և կարդացին գրքում տեղ գտած բանաստեղծությունները։   
Ելույթով ներկայացավ երիտասարդ տաղանդների «Синяя птица» համառուսական  մրցույթի հաղթող  Յուլիա Մալինովան։
Միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա Մոսկվայի 874-ամյակին նվիրված մեծ համերգ՝ հայ և ռուս սիրված երգիչները կկատարեն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հայտնի երգերը։ «7 երգ Մոսկվայի» մասին համերգը նվագակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։
 
«Բաբաջանյանի կերպարն ու թողած ժառանգությունը հայ-ռուսական մշակութային ամուր կապի խորհրդանիշերից է։ Իհարկե, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջնահերթությունը դասական ակադեմիական երկացանկը ներկայացնելն է, բայց միշտ սիրով ենք անդրադառնում Բաբաջանյանի էստրադային ստեղծագործություններին, որոնք շատ սիրված են ժողովրդի կողմից։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ համերգին մասնակցում են փայլուն, տաղանդավոր հայ երիտասարդ երգիչներ, որոնց հետ մեծ հաճույք է աշխատելը»,- նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
 
Մոսկվայի օրվա շրջանակում Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ անցկացվում են  շախմատի մրցաշարեր։  Ամենամյա է դարձել նաև շաշկու մրցաշարերը՝ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի հետ։
«Սա արդեն 2 տարին է, որ Մոսկվայի օրվա շրջանակում անցկացնում ենք շախմատային մրցաշար։ Նման միջոցառումները շատ ցանկալի են։ Երկու երկրների շախմատիստները կարող են խաղալ և ճանաչել միմյանց։ Եվ հատկանշական է, որ նման մրցաշարերը էլ ավելի են ամրապնդում մեր երկու երկների միջև գործընկերական կապերը»,- նշեց Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը։
 
 Միջոցառումների շրջանակում մեծաքանակ դասագրքեր և գեղարվեստական գրականություն տրամադրվեց մարզային  տարբեր կրթօջախների։  
 
Մոսկվայի օրվա միջոցառումները կեզրափակվեն «Հյուսիսափայլ - ռուսական կինոյի օրեր Հայաստանում» ծրագրի բացմամբ և առաջին ֆիլմի ցուցադրությունը։ Կինոյի օրերը նապատեսվում է դարձնել ամենամսյա։ Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրության ժամանակ Հայաստան կժամանեն հայտնի ռուս կինոգործիչներ։ Ծրագրի նպատակն է   կինոարտադրության ոլորտում ամրապնդել երկու երկրների միջև կապերը և ստեղծել համատեղ աշխատանքային հարթակ։
 
Առաջինը կցուցադրվի ռեժիսոր Անդրեյ Բոգատիրյովի «Կարմիր ուրվական» ֆիլմը(2020թ․ թրիլլեր)։ Սցենարի համահեղինակներ են՝ Վյաչեսլավ Շիխալեև, Պավել Աբրամենկով, Արմեն Վաթյանը և Անդրեյ Բոգատիրյովը։  Հայաստան կժամանի ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Ռոսֆիլմ» կինոընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Վորոնեցկայան։
 
Բոլոր միջոցառումները անց են կացվում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր