211652_close_icon
views-count44125 դիտում article-date 23:50 01-09-2021

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Վիլիսը մոտ 160 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորակում. մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի  «Քամոտ Ղաշ»  սարալանջի հատվածում   ՍAZ 469 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 160 մետր  մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  51-ամյա Ալբերտ Աղաջանյանը դուրս է նետվել մեքենայի սրահից և տեղում մահացել, իսկ 46-ամյա  Աշոտ Քոսակյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Փաստի առթիվ  քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի  242 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր