211652_close_icon
views-count8669 դիտում article-date 23:00 29-08-2021

Ծովինար Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Օգոստոսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում նշված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ծ. Խաչատրյանի 2021 թվականի օգոստոսի 26-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2021 թվականի օգոստոսի 26-ից Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար»:

Ծովինար Խաչատրյանը 2000-2002թթ.-ին եղել է «Հայաստանի ազգային ռադիոյի» մշակութային հաղորդումների խմբագիրը, 2005-2007թթ.-ին՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղարը:

2007-2010թթ.-ին աշխատել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի, 2010թ.-ին նաեւ «Քաղաքականության եւ սոցիոլոգիայի ինստիտուտ»-ի հանրային կապերի պատասխանատու:

2010-2011թթ.-ին եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարը եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: 2011-2015թթ.-ին եղել էՀՀ արդարադատության նախարարության լրատվության բաժնի պետը եւ մամուլի խոսնակը, 2015-2016թթ.-ին՝ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակը, 2016թ-ից՝ ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակը:

2018-2019թթ.ին եղել է ArmDaily լրատվական կայքի տնօրենը, գլխավոր խմբագիրը, «Առանց բացառության» հեղինակային հաղորդաշարի վարողը եւ ռեժիսորը:

2019թ.-ից մինչ օրս եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի համակարգողը, համատեղությամբ՝ 2021թ. ից եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային կապերի փորձագետը եւ խորհրդատուն:

Ի դեպ, Ծովինար Խաչատրյանը ունի նաեւ դասախոսական աշխատանքի հարուս փորձ:

Այսպիսով՝ 2011-2012թթ վերապատրաստել է ՀՀ պետական ռեգիստրի Երեւան քաղաքի եւ մարզային ստորաբաժանումների աշխատակիցներին` «Հաղորդակցման հմտություններ»-ը կատարելագործելու շրջանակներում, 2012թ. վերապատրաստել է նորանշանակ նոտարներին՝ «Սպասարկման որակ»-ը առարկայի շրջանակներում:

2011թ-ից դասախոսում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ որպես PR մասնագիտությամբ մագիստրատուրայի Հասարակական կարծիք եւ ինտերնետային PR -ի դասախոս, նույն թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտի «Սպասարկման որակ եւ հաղորդակցման հմտություններ առարկաների» դասախոս:

2012թ.-ին եղել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի դատավորների վերապատրաստման դասախոս-մեթոդաբանը, 2013թ.-ից Էյջ-Էմ իրավախորհրդատվական ընկերությունում PR եւ Հաղորդակցման հմտություններ առարկայի վերապատրաստող-մեթոդաբանը, նույն թվականին դասավանդել է նաեւ Ռուս-Հայկական սլավոնական համալսարանում՝ որպես Մեդիայի կինոյի եւ գովազդի ինստիտուտի մագիստրատուրայի Հաղորդակցման հմտություններ եւ PR առարկայի դասախոս:

2015թ.-ից եղել է ՀՀ փաստաբանական դպրոցի հաղորդակցման հմտություններ առարկայի դասախոսը:

2016-ից վերապատրաստող դասախոս է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում եւ ՀՀ փաստաբանների պալատում:

2016-2018թթ.-ին դասախոսել է ՀՀ Կառավարման ակադեմիայում՝ որպես Քաղծառայողների վերապատրաստման դասախոս:

Նմանատիպ նյութեր