211652_close_icon
views-count3532 դիտում article-date 20:42 25-08-2021

Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն. Էլինա Դանիելյան

Մարզաշխարհում գրանցվող յուրաքանչյուր հաղթանակ չափազանց կարևոր է հայ հասարակությանը դրական լիցքեր հաղորդելու և վստահություն ներշնչելու տեսանկյունից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել են շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար. «Պատիվ ունեմ Ձեզ ընդունելու: Շնորհակալ եմ և հպարտ բոլորիս պարգևած հաղթական զգացողությունների համար: Հայ հասարակությունն ունի դրական լիցքերի, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու կարիք: Այս տեսանկյունից Ձեր բացառիկ հաղթանակի դերն անգնահատելի է: Վստահ եմ, որ դրա հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեն: Իհարկե, վերջին խոսքն անհատինն է, և հաղթանակն անձնավորվում է, բայց այն նաև թիմային տևական աշխատանքի վերջնարդյունք է»:

Էլինա Դանիելյանի խոսքով՝ հաղթական ճանապարհին մշտապես զգացել է հայրենակիցների աջակցությունը: Եվրոպայի չեմպիոնը հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար. «Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Էլինա Դանիելյանը մեծ ներուժ ունի նաև աշխարհի առաջնությունում նմանօրինակ հաղթանակ գրանցելու համար. «Հիանալի առաջնություն էր, բայց ամենակարևորը՝ այս հաղթանակը ցույց է տալիս, որ հնարավորությունները թույլ են տալիս մտածելու նաև աշխարհի առաջնությունում տիտղոսի մասին: Ցանկանում եմ նույն կենտրոնացվածությունը և ոգևորությունը տեսնել նաև աշխարհի առաջնությունում: Վստահ եմ՝ կարող եք»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներից հետաքրքրվել է առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի հետագա զարգացման հեռանկարները: ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շախմատում կան մեծ ներուժով երիտասարդներ, որոնք ապագայում կարող են հաջողությունների հասնել:

Սմբատ Լպուտյանը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում շախմատի դերը և շախմատային մտածողության կարևորությունն առավել է ընդգծվում, և պատահական չէ, որ շատ երկրներ հետաքրքրված են Հայաստանի՝ շախմատը կրթական ծրագրերում ներառելու փորձով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՇՖ-ի՝ մարզաձևի առավել մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին և համատեղ ուժերով լուծել առկա խնդիրները:

Նմանատիպ նյութեր