211652_close_icon
views-count2101 դիտում article-date 11:48 21-08-2021

Դարձյալ՝ երկակի ստանդարտների մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ներկա իշխանությունների հետ կապված բազմիցս մեջբերվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպը: Այնտեղ նկարագրված են հեղափոխականները, որոնք իշխանության գալուց հետո 180 աստիճանով շուռ էին տվել իրենց հեղափոխական կարգախոսները: Օրինակ, ասում էին, որ 4 ոտքը լավ է, իսկ երկու ոտքը՝ վատ: Հեղափոխությունից հետո կարգախոսը հնչեց այսպես. 4 ոտքը լավ է, բայց երկուսն՝ ավելի լավ:

Հիմա նույն պատմությունն է.  սկզբնական կարգախոսն էր՝ ոչ մի գործարար Ազգային ժողովում, բայց հետո կարգախոսը փոխվեց. եթե գործարարը «լավ մարդ» է եւ «մերոնքական», ապա նրա մուտքը խորհրդարան միանգամայն ընդունելի է: Առաջնորդի դիմանկարները չինովնիկների պատերից կախելը նույն սերիայից է: Հիշո՞ւմ եք, թե ինչ կռիվ էին տալիս հեղափոխականները Սերժ Սարգսյանի նկարը փակցնելու դեմ: Դեպք կար անգամ, երբ ակտիվիստներից մեկը վերցրել էր այդ նկարը եւ շպրտել էր պատուհանից: Բայց հիմա Փաշինյանի նկարը փակցնելը խրախուսելի է, քանի որ նա սիրված, լեգիտիմ առաջնորդ է: Կամ, օրինակ, «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ արագաչափերն ու փողոցային տեսախցիկները «ժողովրդին կեղեքելու» միջոց էին (այդպիսով «յուղ էր լցվում» անկարգ վարորդների սրտին), իսկ հիմա՝ ճանապարհներին կարգուկանոն հաստատելու միջոց:

Բայց այս ամենը, թող թույլ տրվի ասել, մանրուքներ են՝ արտագաղթի հետ համեմատ: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ուղեւորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 94 հազար, այսինքն՝ ՀՀ այդքան քաղաքացի Հայաստանից մեկնել է, բայց չի վերադարձել: Այդպիսի ցուցանիշներ եղել են միայն արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-94 թվականներին: Դա չի նշանակում, իհարկե, որ հենց այդքան մարդ է արտագաղթել, բայց խոսում է չափազանց վտանգավոր միտումների մասին. միանգամայն իրատեսական է, որ իսկապես արտագաղթածների թիվն այս տարի կմոտենա 100 հազարին: Առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ (քաղաքական, հասարակական դաշտում ու ֆեյսբուքում) ամեն օր ձեռքերը ծնկներին էին խփում եւ ողբում արտագաղթի վերաբերյալ, իսկ հիմա դրա մասին ոչ մի ձայն չեն հանում: Հավանաբար, այն պատճառով, որ հիմա մարդիկ գնում են «նոր Հայաստանից», որտեղ «ապագա կա»: Բայց անկախ նրանից, թե ինչպիսի հնարքներով են իշխանությունները եւ իշխանամերձ շրջանակները հերքում կամ բացատրում այդ երեւույթը, փաստը կա՝ դրանից ոչ մի տեղ չես փախչի:

․․․ Երկակի ստանդարտների մասին մի հին պատմություն: Ժան-Բատիստ Բեռնադոթը  ներկայիս Շվեդիայի թագավորական տոհմի հիմնադիրն է: Նա իր կարիերան սկսել էր որպես ֆրանսիական բանակի զինվոր, այնուհետեւ հեղափոխության եւ Նապոլեոնի ժամանակ «առաջ էր քաշվել» եւ դարձել էր գեներալ: 1818 թվականին նա բազմեց շվեդական գահին: Իսկ երբ 1844 թվականին թագավորը մահացավ, թաղումից առաջ նրա ձեռքին նկատեցին մի դաջվածք. այնտեղ ֆրանսերեն գրված էր՝ «մա՛հ թագավորներին»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր