211652_close_icon

Ավստրալացի 16 հայտնի քաղաքական գործիչներ միացել են Արցախի ավստրալացի բարեկամների խմբին․ խմբի անդամների թիվն անցել է 70-ից

views-count1717 դիտում article-date 14:12 20-08-2021
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հաղորդում է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալիացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը կազմավորվեց 2019 թ․ օգոստոսին, երբ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հյուրընկալեցին Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ գլխավորությամբ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի։ Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բնիկ հայության ստեղծված խումբը ձևավորվելիս ուներ շուրջ 40 անդամ, ներկայումս այդ թիվը գերազանցում է 70-ը։

Խմբի վերջին համալրողների մեջ են ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգը և Ժանեթ Ռայսը, օրենսդիրներ՝ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգների օրենսդիր մարմիններից։ Ի դեպ Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը 2020 թ․ պատերազմի ժամանակ։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է խմբի համալրումը՝ շեշտելով, որ ավստրալահայ համայնքն երբեք չի հրաժարվի Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը վերջերս համալրած քաղաքական գործիչները, մինչ այդ էլ աչքի են ընկել Ավստրալիայի քաղաքական տարբեր ամբիոններում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությամբ։

Նմանատիպ նյութեր