211652_close_icon
views-count1648 դիտում article-date 22:04 18-08-2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած մարդասիրական օգնության տրամադրման համար, ապա ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից նախատեսվող և իրականացվող բարեփոխումները։

Նարեկ Մկրտչյանի խոսքերով՝ ԱՍՀՆ համար այս պահին առաջնահերթություն է զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան աշխատանքի միջոցով սոցիալական տարբեր խնդիրներ լուծել։

«Նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ինը ծրագրերը նպատակ ունեն մարդկանց ինքնաբավ դարձնել, հնարավորության տալ ինքնադրսևորվել և սեփական միջոցներով ստեղծել կայուն եկամուտ։ Նախարարության կողմից այժմ աշխատանքներ են տարվում դրանց արդյունավետության գնահատման և նոր ծրագրերի իրականացման հնարավորության ընդլայնման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամի կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության տրամադրմանը (Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ հիմնադրամի միջոցով շուրջ 175 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Հայաստանին)` «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանն անդրադարձել է իրենց կողմից ներկայումս իրականացվող սոցիալական ծրագրերին․

«Հիմնադրամի գործող զարգացման ծրագրերն ունեն երկու ուղղություն․ դրանց մի մասն ուղղված է սոցիալական վերաինտեգրմանը, իսկ մյուս ծրագրերն ունեն բժշկական բնույթ, որոնց միջոցով փորձում ենք վերականգնողական կենտրոններում խթանել ֆիզիկական և հոգեբանական բուժօգնության կազմակերպման գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը»։

Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր տարբերակները՝ հույս հայտնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվելիք ծրագրերը կնպաստեն առկա սոցիալական հիմնախնդիրների կարգավորմանը։

Նմանատիպ նյութեր