211652_close_icon
views-count28880 դիտում article-date 20:14 08-08-2021

Մինչև կառավարությունը պայքարում է, որպեսզի երեխաներն առանց ծնող չմեծանան, ԴԱՀԿ-ի որոշ քարսիրտ չինովնիկների մեղքով հայրը 3 տարի է, չի կարողանում դատարանի օրինական վճռով իր երեխաներին տեսակցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Մկրտչյանն արդեն մոտ 3 տարի է, Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման որոշ վայ-չինովնիկների մեղքով չի կարողանում դատարանի որոշմամբ տեսակցել իր անչափահաս երեխաների հետ:
 
40-ն անց Արմենը որոշում է ընտանիք կազմել: Ամուսնանում է Հասմիկ Ավագյանի հետ և ունենում են 1 տղա, 1 աղջիկ: Հետո ընտանեկան ինչ-որ խնդիրների պատճառով, դատարանի վճռով նրանք ամուսնալուծվում են:
 
Ամուսնալուծվելուց հետո նախկին կինը ամուսնուն արգելում է տեսակցել 6 տարեկան տղայի և 7 տարեկան աղջկա հետ: Հայրը ստիպված դիմում է համապատասխան մարմիններ, որպեսզի մորը պարտավորեցնեն թույլ տալ տեսակցել երեխաներին:
 
Դատական ատյաններում Արմենը հասնում է նրան, որ դատարանն՝ ուսումնասիրելով խնդիրը, որոշում է կայացնում, որ նա ամեն շաբաթ և կիրակի օրերին, առավոտյան 10-ից մինչև 18:00-ն, առանց խոչընդոտի, կարող է տեսակցել երեխաների հետ, ընդհուպ, դատարանը նպատակահարմար է գտել, որ Արմենը՝ որպես օրինապաշտ քաղաքացի, կարող է նաև երեխաներին մոր տանից տանել իր տուն, և 18:00-ին ետ վերադարձնել:
 
Սակայն դատարանի այս հզոր որոշումը, չգիտես ինչու, Արմավիրի հարկադիր կատարողների կողմից ի կատար չի ածվում: Մինչդեռ նույն հարկադիր կատարման ծառայության բազմաթիվ աշխատակիցներ «փայլել» են իրենց օպերատիվությամբ, երբ խոսքը գնացել է մարդկանց սեփական տներից վտարելու մասին: Այդ դեպքերում փութաջանորեն այնպես են այդ մարդկանց դուրս հանել տնեից, որ անգամ հաշվի չեն առել քաղաքացների տարիքը, երեխաների առկայությունը, եղանակային պայմանները:
 
Կառավարությունը վերջին տարիներին պայքարում է, որպեսզի Հայաստանում չլինեն ծնողի կարիք ունեցող երեխաներ, մինչդեռ այս դեպքում կառավարության ենթակայության տակ գտնվող Հարկադիր կատարման ծառայութունը ոչ մի միջոց չի ձեռնարկում՝ դատարանի օրինական և ուժի մեջ մտած որոշումը կյանքի կոչելու համար:
 
Գրեթե ամեն շաբաթ, կիրակի, Արմենը գնում է, որպեսզի հանդիպի երեխաներին, սակայն մայրն անհիմն, առանց որևէ պատճառաբանության, արգելում է:
 
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Արմենը դարձյալ փորձել է հանդիպել երեխաներին, սակայն մայրը նորից արգելել է, իսկ ԴԱՀԿ-ն, չգիտես ինչու, ուղտի ականջում քնած է:
 
Իսկ եթե Արմենի տեղը մեկ այլ պաշտոնյա կամ օլիգարխ լիներ, ի՞նչ էր անելու ԴԱՀԿ-ն: Նորից նույն կերպ է՞ր վարվելու:
 
Առաջիկայում Արմենը պատրաստվում է դիմել նորընտիր արդարադատության նախարարին՝ հուսալով, որ գոնե նա կազդի ԴԱՀԿ-ի վրա, որպեսզի վերջապես արդարությունը հաղթանակի:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխաների մոր՝ Հասմիկի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Զարմանում ենք, մարդ ինչ աստիճանի քարսիրտ լինի, որ արգելի հորը տեսակցել երեխաներին: Մենք լսել ենք, որ Արմենը կանոնավոր և պարտաճանաչ վճարում է ալիմենտները: Մինչդեռ մայրը ինչու է այդպես անմարդկային վերաբերմունք ցուցաբերում, բոլորիս համար հանելուկ է:
Էն որ ասում են՝ ընտանիքը մութ անկյուն է, հիմա երևի էս մարդկանց ընտանիքն է, բայց դրա արդյունքում երեխաների հոգեկան աշխարհն է խախտվում: Նույնիսկ վերջերս ոստիկանության հերթապահ մասով իմացանք, որ Հասմիկի քույրը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ինչ-որ հոգեմետ դեղերի պահով: Իսկ հայրը ցանկանում է ոչ միայն երեխաներին ամեն շաբաթ-կիրակի տեսնել, այլ նաև հարց է ուղղում պատկան մարմիններին. թե ինչո՞ւ հետևություններ չեն անում, երբ Հասմիկը, ով արգելում է երեխաներին դպրոց հաճախել, նրանց տանում է ինչ-որ հիսունականների հավաքի: Անգամ եղել է դեպք, երբ երեխաներից մեկը վատացել է, շտապօգնության բրիգադը ժամանել է, որպեսզի երեխային բուժօգնությունը ցուցաբերի, մայրն արգելել է, ասելով՝ աստված կբուժի երեխուս: Ու բժիշկները մոտ երկու ժամ սպասելուց հետո արձանագրել են այդ փաստը, և հեռացել»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր