211652_close_icon
views-count5568 դիտում article-date 18:21 06-08-2021

Դուք այդտեղ նստած եք, որպես ԱԺ ղեկավար, այլ ոչ թե ՔՊ-ի ներկայացուցիչ. Թագուհի Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանին. News.am

ԱԺ նախագահությունը կոչված է ապահովելու խորհրդարանի բնականոն գործունեությունը և դահլիճում դուք առնվազն չպետք է կողմ հանդես գաք, դուք այդտեղ նստած եք, որպես խորհրդարանի ղեկավար, այլ ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ելույթ ունենալով Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտնում է News.am-ը։

Նա նկատեց, որ երբ րոպեներ առաջ «Պատիվ ունեմի» պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից ՔՊ-ական տղամարդ պատգամավորները բղավելով վիրավորում էին, ԱԺ խոսնակը պետք է կանխեր նման երևույթները:

Անդրադառնալով Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանը, Թովմասյանն ասաց. «7-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ կմնա որպես Արցախը հանձնած խորհրդարան և «Իմ քայլը» խմբակցությունն այդ խորհրդարանում չունի որևէ փաստաթուղթ,  որով արտահայտած լիներ իր դիրքորոշումը Արցախի հարցում»:

Թովմասյանը հիշեցրեց, որ Արցախի հարցով միակ նախաձեռնությունն արել է ինքը՝ անկախ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Աննա Գրիգորյանի հետ՝ օկուպացիայի և կարգավիճակի մասին հայտարարության տեսքով, որը չմտավ ԱԺ նիստ:

Նա հայտարարեց որ 44 օրյա պատերազմից հետո, երբ Արցախն օգնության կարիք ուներ, ՔՊ-ի իրավանախորդ «Իմ քայլը» խմբակցությունը ոչինչ չի արել:

«Ինչպես ԱԳՆ-ն ՀՀ-ին պետք չէ, քանի որ արդեն երկար ժամանակ է մենք գլխատված նախարարություն ունենք և ԱԳՆ-ի գործառույթը միանձնյա իրականացնում է վարչապետը տետատետ զրույցների և բանակցությունների միջոցով, ապա կարելի է այս տրամաբանությամբ ԱԳ նախարարությունն էլ փակել և ասել, որ կառավարությունը զբաղվում էայդ գործառույթով և առանձին ճյուղ պետք չէ»,-նկատեց Թագուհի Թովմասյանը և հայտարարեց, որ նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Արցախի հարցով հանձնաժողով պետք չէ, բայց մեկ այլ հանձնաժողովը կարելի է տրոհել երկուսի, որպեսզի իշխող խմբակցության պատգամավորը պաշտոն ունենա:

«Արցախի վրա վերջին դուռը շրխկացնելուց հետո այսօր լավագույն հնարավորությունն է տրված ապացուցելու, որ այն մեր համար իսկապես արժեք է, որովհետև  44-օրյա պատերազմից հետո գործընկերներիս աչքերում չտեսնելով ցավի, կսկիծի և ափսոսանքի որևէ նշույլի հանձնվել է Արցախը»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ Արցախը պետք է լինի հայկական երկրորդ հանրապետությունը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր