211652_close_icon
views-count1785 դիտում article-date 16:40 30-07-2021

Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը․ Աշոտ Մելիքյանը՝ ԱԺ-ում ընդունված օրինագծի մասին

Այսօր ԱԺ-ն քննարկեց և, ցավոք, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին «ծանր վիրավորանք» հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում՝ ավելի խիստ պատիժ է կիրառվելու, եթե դա կատարվել է «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով» և եթե դա պայմանավորված է «անձի հանրային գործունեությամբ»։


Եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որևէ առարկություն չէի ունենա։ Բայց երբ խոսվում է «ծանր վիրավորանք»-ի (այդ ինչպե՞ս է որոշվելու՝ ծանր է դա, թե՞ ոչ այնքան) և դրա՝ «անձի հանրային գործունեությամբ» պայմանավորված լինելու մասին, միանգամից ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից, այլ հայտնի մարդկանցից շատերը ցանկացած սուր քննադատություն կարող են ընկալել և ընկալում են որպես «ծանր վիրավորանք»։

Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ։ Սիսակ Գաբրիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նազելի Բաղդասարյան, Վահագն Հովակիմյան և մյուս նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում․․․ Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային տարբեր կառույցներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր