211652_close_icon
views-count8303 դիտում article-date 12:04 27-07-2021

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նախագահ Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում:

Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը: Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր