211652_close_icon
views-count59743 դիտում article-date 22:40 17-07-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. ավտոմեքենաների խցանումը հասնում է 10 կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 20:30-ի սահմաններում,  Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի և Չարենցավանի բժշկական կենտրոնների բժիշկները:
 
Վիրավորներից մեկին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու տեղում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
 
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին՝ բախվելով երկաթե արգելապատնեշներին, իսկ Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին՝ նույնպես բախվելով երկաթբետոնե արգելապատնեշներին:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանով կապել են Lexus-ը, որպեսզի այն չգահավիժի:
 
Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանը, Մայիս Բադեյանն ու Ավետիք Ավետիսյանը:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով երթևեկեությունը նշված հատվածում դարձել է դանդաղընթաց, իսկ ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 10 կիլոմետրի:
 
Հրշեջ-փրկարարները տեղում կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր