211652_close_icon
views-count2009 դիտում article-date 19:42 02-07-2021

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Tert.am-ը գրում է. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց։

«Պաշտպանության կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքը, արդյունավետ քննարկում տեղի ունեցավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քննարկումն ընթացել է իրենց առաջարկած ձևաչափով։

«Մեր բողոքի ներկայացումը հարց ու պատասխանի ձևաչափով անցավ, ինչը շատ մատչելի էր և ավելի նախընտրելի։ Շատ ծավալուն քննարկում տեղի ունեցավ և վերահաստատեցինք մեր դիրքորոշումն առ այն, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Չարչյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքի հետ։ Պաշտպանության կողմը դրա հիմքում դրել է այն փաստարկը, որ չպետք է առաջին ատյանի դատարանը հիմնավոր կասկածի հարցի տեսանկյունից քննարկման առարկա դարձներ և հիմք ընդուներ քննիչի կողմից ներկայացված մոնտաժած ձայնագրությունը։ Միգուցե առաջին հայացքից դա ինչ-որ հարկադրանքի տարրեր պարունակում է, սակայն պաշտպանության կողմին տրամադրված տեսաձայնագրության մեջ, մասնավորապես Արմեն Չարչյանի խոսքի վերջաբանում հստակ երևում է, որ նա իր աշխատակիցներին ասում է՝ անկախ նրանից ընտրություններին կմասնակցեք, թե ոչ որևէ ռեպրեսիա, որևէ բացասական հետևանք չի լինի»,-ասաց նա։

Ալեքսանյանը նշեց, որ խաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում բարձրացրել է այն հարցը, որ հիմնավոր կասկածն այնքանով պատշաճ չէ, որ գնահատման չի արժանացել իրենց տրամադրած տեսաձայնագրությունը, որը հերքում է հիմնավոր կասկածը։

«Դատախազը ներկայացրեց իր փաստարկները մեր բողոքի վերաբերյալ։ Շատ անհիմն փաստարկներ ներկայացրեց։ Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը ցայտնոտի մեջ է գտնվում, որովհետև լարված էր խոսում և անհասկանալի էր դատախազի՝ ամենավերջում դրսևորած վարքագիծը։ Կողմերը և դատարանը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ժամը 18։00-ից հետո կարող ենք շարունակել մեր աշխատանքը, դատախազը չառարկեց, սակայն մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց ու հայտարարեց, որ չի ցանկանում այլևս բողոքի քննությանը մասնակցել»,- ասաց նա։


   

Նմանատիպ նյութեր