211652_close_icon
views-count6828 դիտում article-date 16:12 13-06-2021

Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան

Sputnik Արմենիան գրում է. Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ պատերազմի երկրորդ օրն արդեն Ստեփանակերտից մեծ թվով բնակիչներ էին դուրս եկել։ Դրա պատճառը նա չի հասկանում։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ հունիսի 20-ից հետո իշխանության է գալու «Հայաստան» դաշինքը։ Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենց թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչպես է պետք երկիրը դեպի հաղթանակ տանել։

«Ես նրան ճանաչում եմ Արցախից, երբ Արցախի զգալի մասը գտնվում էր ադրբեջանցիների տիրապետության տակ։ Պետական պաշտպանության կոմիտե ստեղծվեց և անձնական օրինակով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով հակագրոհներ կազմակերպվեցին, և ոչ միայն վերականգնվեց Արցախը, այլև անվտանգության գոտին։ Ռոբերտ Քոչարյանը միայն ղեկավար չէր, նա նաև իր գործի զինվորն էր։ Նույն Շուշիի ազատագրման ժամանակ նա ավտոմատը ձեռքին գնաց ուղղություններից մեկում պայքարեց, և մենք այդ ուղղությունում հասանք հաջողությունների»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ պատերազմի ծանրությունը ոչ միայն Քոչարյանն էր կրում, այլ՝ նրա ընտանիքը։ Նրա ցուցումով՝ Արցախից ղեկավարներից ոչ մեկի ընտանիքը դուրս չեկավ։

«Այս պատերազմի ժամանակ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ես եղել եմ Ստեփանակերտում, ընտանիքների զգալի մասն արդեն դուրս էր եկել։ Ես չգիտեմ, թե ինչու, այդ հարցի պատասխանը մինչև հիմա ես չունեմ»,- ընդգծեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Նմանատիպ նյութեր