211652_close_icon
views-count3583 դիտում article-date 19:42 09-06-2021

Գյումրիում Արցախյան պատերազմում զոհված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է. լույս աշխարհ է եկել կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shantnews.am-ը գրում է. Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44 օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը:

Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկն առաջինը շտապում են ոչ թե ծննդկանի հարազատները, այլ հիվանդանոցի աշխատակիցները: Անցած երեկոյան այստեղ լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է:

7 ամիս առաջ գործընկերները ցավակցում էին Լուսինեին ավագ որդու՝ Դավիթի զոհվելու համար, իսկ այսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու առիթով:
«Լուսինեն մեր հիվանդանոցի աշխատակից է: Շատ սպասված փոքրիկ է, որովհետև ամբողջ հիվանդանոցը, առավել ևս մեր բաժանմունքը, անհամբեր սպասում էր այս նորածնի լույս աշխարհ գալուն: Լուսինեն մեր ստացիոնար հսկողության տակ է գտնվել: Շատ ծանր հոգեբանական վիճակում էր, նաև առողջական խնդիրներ ունի՝ բրոնխիալ ասթմա և ստորին վերջույթների վարիկոզ: Բայց Լուսինեն նվիրյալ մայր է և հաղթահարեց ամեն ինչ»,-Shantnews-ին ասել է Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:
 

Լուսինեի ավագ որդին՝ Դավիթը, բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Ընդամենը մեկ ու կես ամսվա զինծառայողը Մարտակերտում է մասնակցել թեժ մարտերին։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 16-ին: Եվ օրեր անց հայտնի է դարձել Լուսինեի հղիության մասին: Եվս մեկ զավակ ունենալու որոշումը նրան հեշտ չի տրվել: Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալ և նորից մայրանալու որոշում կայացնել օգնել են ընտանիքի անդամները, նաև գործընկերները:

Փոքրիկը կանխածին է, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով, ներարգանդային զարգացման հապաղումներ, նաև շնչառական խնդիրներ է ունեցել: Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է: Բժիշկներն են բացատրում՝ որդու կորստից ընդամենը 7 ամիս անց մայրացած կնոջ մոտ այլ կերպ չէր էլ կարող լինել:

«Սկզբում չէի հավատում, հետո պարզվեց, որ իսկապես հղի եմ: Չէի ուզում նորից մայրանալ առողջական խնդիրների պատճառով, բայց ընտանիքիս անդամները և գործընկերներս օգնեցին հաղթահարել դժվարությունները: Որդուս չուզեցի Դավիթ անունը տալ: Դավիթը մեզ համար կմնա Դավիթ, իսկ կրտսերը կկրի Դանիել անունը»,-Shantnews-ին ասել է Լուսինե Արսենյանը:

Նորածնին մայրը Դանիել անունն է տվել: Զոհված որդու անունով չի կոչել: Ասում է՝ Դանիելը չի եկել Դավիթին փոխարինելու: Նա էլ ապագա զինվոր է ու իրենց ընտանիքի անուն-ազգանունը արժանապատվորեն կրողը։

Լուսինեն իր օրինակով խորհուրդ է տալիս որդեկորույս բոլոր այն մայրերին, ովքեր դեռ երիտասարդ են, երեխաներ ունենալ: Սա ընտանիքների համար սփոփանք է, պայքարի ու ապագայի խորհրդանիշ։

Փոքրիկ Դանիելը մայրիկի հետ տուն կգնա մոտ մեկ շաբաթից:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր