211652_close_icon
views-count2596 դիտում article-date 22:39 25-05-2021

«Եթե Վահե Ղալումյանն այդպես է մտածում, համոզված եմ՝ իր մարզպետ եղբայրն էլ նույն տրամաբանության մեջ է. այդ խոսակցությունը նույն տեղից է դուրս գալիս». Լավրենտի Միրզոյան

«Տավուշ» հայրենակցական միության նախագահ, լեզվաբան, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանին զայրացրել ու զարմացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի այն հայտարարությունը, թե Տավուշի մարզում կան «ադրբեջանական անկլավներ և ադրբեջանական տարածքներ»։

Ըստ լեզվաբանի, այն գյուղերը, որոնք թվարկել էր իշխանական պատգամավորը, ամբողջությամբ հայկական գյուղեր են, որտեղ Խորհրդային Միության տարիներին ապրել են նաև ադրբեջանցիներ։

«Պատգամավորի թվարկած գյուղերն ադրբեջանական չեն, դրանք ամբողջովին հայկական են, դրանք երբևէ ադրբեջանական չեն եղել ու չեն էլ լինելու։ Բարխուդարլուն փոքր գյուղ էր, նախկին համայնավարության տարիներին մարդիկ գալիս-կանգնում էին։ Տավուշի նախկին մարզպետը հայտարարում էր, թե Ադրբեջանին հանձնվող որևէ գյուղ չկա, բայց տարբեր տեղեկատվություն են տարածում, թե մարզից մի քանի գյուղ հանձնում են, իսկ Վահե Ղալումյանն էլ հայտարարում, թե դրանք ադրբեջանական են։ Ի՞նչ ադրբեջանական, նա դեռ չի հասցրել հաց ուտել, սկսում է մտածել՝ հողը ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։ Մենք մտահոգ ենք այս անորոշ վիճակից, բայց նաև պատրաստակամ, որ որևէ մեկը չհամարձակվի Տավուշից մեկ մետր հող հանձնել։

Շամշադինի շրջանը, որն այսօր կոչվում է Բերդի խոշորացված համայնք, խորհրդային տարիներին ապրել են միայն հայեր, ընդ որում՝ այն երեք կողմից շրջափակված էր ադրբեջանցիներով։ Բա այդ նույն պատգամավորն ինչո՞ւ չի ասում, որ եղել է Ղազախը՝ Շամշադինի գավառը, որը լրիվ հայկական է, այն հիմնադրել են հայերը՝ 1883 թվականին։ 1918 թվականին Ղազախը հանձնեցին ադրբեջանցիներին, իսկ շամշադնեցիներին քշեցին սարերը, որն այսօրվա Տավուշի տարածաշրջանն է ընդգրկում»,- 168.amի հետ զրույցում ասաց Լավրենտի Միրզոյանը։

Ըստ նրա, Խորհրդային Միության ժամանակ թուրքերն անօրինական ձևով Տավուշի մարզի Արգեձոր համայնքի ամբողջ տարածքը գրավել էին, հիմնել էին անասնաֆերմա և աստիճանաբար զավթում էին շրջակա բոլոր տարածքները։ Նրանց դեմ սկսել էր պայքարել ու բողոքել այն ժամանակվա Շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Ավագյանը, որին աշխատանքից հեռացրել էին, որպեսզի նա չկարողանար շարունակել իր պայքարը։

«Սա թուրքերի քաղաքականությունն է, մինչդեռ ինչ-որ հայ պատգամավորը, որը, ով գիտի, երևի իսկի Շամշադինում էլ չի եղել, նման հայտարարություն է անում՝ ասելով, թե դրանք ադրբեջանական տարածքներ են։ Չինարի գյուղից մինչև մարզկենտրոն 92 կիլոմետր է, սարեր ու ձորեր են, թշնամին միշտ վախեցել է հարձակվել Տավուշի վրա, քանի որ մշտապես ծանր հարված է ստացել, հիմա երևի ուզում են այս ճանապարհով զավթեն Տավուշը։ Պետք չէ այնպես անել, որ տավուշեցիները լքեն իրենց բնակավայրերը, այլ հակառակը՝ անեն քայլեր, որ մարդիկ այնտեղ ամրանան։ Նախկին մարզպետը մի բան է ասում, պատգամավորը՝ մեկ այլ բան, ականատեսները՝ բոլորովին այլ բան»,- հավելեց Լ. Միրզոյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր