211652_close_icon
views-count1246 դիտում article-date 10:30 12-05-2021

Նոր հրատարակություն նվիրված թալիշերեն լեզվի. հրատարակվել է թալիշերեն բայերի բառարանի առաջին հատորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թալիշները Հարավային Կովկասի տեղական ազգերից են։ Պատմության ընթացքում ձևավորվել և այժմ ապրում են դեպի Կասպից ծով ելք ունեցող մի լեռնային (ինչպես նաև նախալեռնային) մարզում, որը կոչվում է Թալիշ․ այժմ այն զբաղեցնում է Ադրբեջանի հարավ–արևելյան և Իրանի հյուսիս–արևմտյան հատվածները։

Թալիշների քանակը ամբողջ աշխարհում հասնում է մոտ 256 000։ Թալիշների խնդիրների ու պատմության վերաբերյալ խոսվել է բազմիցս ինչպես մեր երկրում,այնպես էլ մի շարք ԱՊՀ երկրներում`կազմակերպվելով տարրաբնույթ կլոր-սեղան քննարկումներ ու գիտժողովներ: Ահա այսպիսի հետաքրքիր շնորհանդես  տեղի ունեցավ Հայաստանի մայր բուհի իրանագիտության ամբիոնում մայիսի 11-ին:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ,գրադարանային ոլորտի աշխատակիցներ, արևելագետներ՝ մասնակցելու Թեհրանի Ջամ-է նեգար հրատարակչության կողմից 2021 թվականին հրատարակված «Թալիշերենի բայերի բառարան. հարավային թալիշերեն», առաջին հատորի շնորհանդեսին։ Մի քանի խոսքով բառարանի մասին:

Թալիշերենի բայերի բառարան. հարավային թալիշերեն», առաջին հատորն է։Բառարանի հեղինակներն են՝ Երևանի Պետական Համալսարանի Իրանագիտության ամբիոնի վարիչ բ.անասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Վարդան Ոսկանյանը,նույն ամբիոնի պրոֆեսոր Կասեր Հաֆթխանի Քարամզադեն ու Ստրասբուրգի համալսարանից պրոֆեսոր Ալի Ռաֆիին: Սա մի մեծ նախագծի մի մասն է։ Ն Ըստ նախագծի՝ երեք հատոր է լինելու,սա առաջին հատորն է՝ Հարավային թալիշերենի հատվածը, հետո տպվելու է Կենտրոնական, հետո Հյուսիսային թալիշերեններինը։

Գիրքը 136 էջ է։Նշենք,որ սա հեղինակների կողմից հրատարակվող աշխատություններից է որի համահեղինակներից առաջին անգամ հանդիսանում է Վարդան Ոսկանյանը:Շնորհանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդան Ոսկանյանը: Նա տեղեկացրեց, որ հայ-իրանական համատեղ ջանքերով լույս է տեսել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորը, որն ընդգրկում է հարավթալիշական բարբառները:

Վարդան Ոսկանյանի խոսքով, հատկանշական է այն, որ այս հնագույն իրանական լեզուն սերտ հարաբերություններ և շփումներ է ունեցել հայերենի հետ:«Ցավոք սրտի, պատմական տվյալները մեզ թույլ չեն տալիս խոսել հայ-թալիշական կապերի մասին, դրա վերաբերյալ մենք պատմական սկզբնաղբյուրներ չունենք, բայց ինչպես ասում են՝ լեզուն ժողովրդի պատմության հայելին է, և հենց թալիշերենն է, որը մեզ թույլ է տալիս խոսել հայերի և թալիշների հազարամյա շփումների մասին՝ հաշվի առնելով այն, որ թալիշերենում առկա են հայերենից փոխառություններ»,- փաստեց Վարդան Ոսկանյանը:

Նրա պնդմամբ, թալիշերենն այն հայելին է, որը ցույց է տալիս պատմական այն ժամանակաշրջանը, երբ երկու ժողովուրդները շփվել են միմյանց հետ՝ փոխանակելով նաև մշակութային տարրեր և լեզվական տվյալներ, ու այս համատեքստում թալիշագիտությունը կարևոր ուղղություն է:

Այնուհետև Վարդան Ոսկանյանը ելույթում անդրադարձավ ԵՊՀ-ում թալիշագիտության պատմությանը՝ ուրախությամբ նշելով, որ այն դառնում է պատմական ավանդույթ:«Թալիշ ցեղանվան առաջին հիշատակությունը հանդիպում է 5-րդ դարում հունարենից հայերեն թարգմանված «Պատմություն Աղեքսանդրի Մակեդոնացվո» վեպում,- փաստեց Վարդան Ոսկանյանը,- եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հետագայում արտագրողներն են այդ բառը մուտքագրել 5-րդ դարի տեքստ, այդուհանդերձ սա շատ կարևոր տվյալ է»:

Գիտական թալիշագիտությունը, ըստ ամբիոնի վարիչի, Հայաստանում սկիզբ է առնում 2000-ականների սկզբից՝ արձանագրելով, որ շուրջ 20 տարի է, ինչ ԵՊՀ-ն՝ որպես թալիշագիտության միակ կենտրոն, զբաղվում է թալիշագիտության տարբեր խնդիրներով:«Այսօր, որպես ավետիս, կարող եմ հայտնել, որ մեր երկարատև ջանքերն ի վերջո արդյունք տվեցին, և այս տարվանից ամբիոնի շրջանակում գործելու են «Քրդագիտություն» և «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրերը»,- ասաց Վարդան Ոսկանյանը: Թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը ԵՊՀ իրանագիտության ամբիոնին  հնարավորություն տվեց ազդարարելու, որ Հայաստանը դառնում է թալիշագիտական կարևոր կենտրոն:Ըստ Վարդան Ոսկանյանի՝ թալիշերենի ուսումնասիրությունն արդիական է ոչ միայն  տեսական, այլև կիրառական տեսանկյունից:

Հաշվի առնելով այն, որ այս ժողովուրդը, ըստ էության, Ադրբեջանական Հանրապետությունում  վտանգված ժողովուրդ է, իսկ թալիշերենը՝ վտանգված լեզու, ԵՊՀ-ում թալիշագիտական ուսումնասիրություններն այդ առումով փարոս են թալիշ ժողովրդի համար:

«Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետությունում բնակվող թալիշների՝ Իրանի թալիշներն օգտվում են սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու, ներկայացնելու բոլոր հնարավորություններից, այս ամենի առհավատչյան է այսօր հրատարակված գիրքը, որը տպագրվել է Իրանում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանում նմանօրինակ գրքերի հրատարակությունը  պարզապես անհնարին կլիներ:«Այս համատեքստում մենք ունենք մշակութային գերտերություն՝ ի դեմս Իրանի, որը զբաղվում է իր տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի, լեզուների և մշակույթի պահպանությամբ ու լավագույնս ներկայացմամբ,- ասաց Վարդան Ոսկանյանը,- և  հենց այստեղ է, որ մենք ունենք լայն համագործակցություն իրանական գիտական կենտրոնների թեմաների շուրջ, որոնք շատ կարևոր են նաև մեզ՝ հայերիս համար»:

Վարդան Ոսկանյանը ներկայացրեց Գիլանի համալսարանի իրանագիտական բաժնի ղեկավար Աբբաս Փանահիին՝ մասնագետի, որը տարիներ շարունակ իր ջանքերն ու եռանդը ներդրել է Իրանի հյուսիսային նահանգի ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մշակույթի և պատմության ուսումնասիրության ոլորտում:

Հետաքրքիր ու բովանդակալից զեկուցումներով հանդես եկան Գիլանի համալսարանի պրոֆեսոր,իրանագիտության բաժնի ղեկավար Աբբաս Փանահյին, «Իրանագիտական ուսումնասիրությունները ԱՄՆ և եվրոպական երկրների իրանագիտական կենտրոններում»,ով շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնի հետ ունեցած համագործակցության համար, որը, նրա հավաստմամբ, կարևոր իրանագիտական կենտրոններից է մեր տարածաշրջանում:

Ներկայացնելով Գիլանի համալսարանը՝ վերջինս նշեց, որ այնտեղ դասավանդվում են այդ նահանգում բնակվող երեք հիմնական ժողովուրդների՝ թալիշների, գիլանցիների և մազանդարանցիների լեզուները, մշակույթն ու պատմությունը:

Նրա խոսքով, թալիշերենի ուսումնասիրությունը կարևոր տեղ ունի համալսարանի գիտակրթական գործունեության մեջ՝ ոլորտում իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և գիտաժողովներ:«Բացի դրանից՝ թալիշերենն առաջին իրանական լեզուներից է, որի համար դպրոցներում պարտադիր դասավանդման ծրագիր է մշակվել»,- հավելեց Աբբաս Փանահին:

Անդրադառնալով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հետ համագործակցությանը, որտեղ ոչ միայն թալիշերենը, այլև իրանագիտության այլ հարցեր խորքային ուսումնասիրության են ենթարկվում, վերջինս նշեց, որ իրենք շատ հպարտ են, որ բարեկամ Հայաստանը նմանօրինակ ուշադրություն է դարձնում իրանագիտության խնդիրներին:Ելույթներ ունեցան նաև Իրանի Արևմուտքում գտնվող Լորեսթան նահանգից Մոհամմադ Սեփեհրը «Հին իրանական բարձրաքանդակները»և Իրա ի Արևելքում գտնվող՝ Խորասանից Մոհամմադ Սարվար Ազիմին «Խորասանի երաժշտությունը» թեմաներով։

Ամփոփելով շնորհանդեսը Վարդան Ոսկանյանը հույս հայտնեց,որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի՝հանրությանը մոտիկից ծանոթացնելու թալիշագիտության ու իրանագիտության չբացահայտված էջերի հետ ծանոթացնելու նպատակով:
Գարիկ Ավետիսյան  Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր