211652_close_icon
views-count991 դիտում article-date 15:33 24-04-2021

Եթե Ցեղասպանությունից դասեր քաղվեին, Արցախյան պատերազմում նոր ցեղասպանություն չէինք ստանա. Անդրանիկ Թեւանյան

Հայոց մեծ ցեղասպանությունից դասեր չեն քաղվել։ Եթե դասեր քաղվեին, ապա 1920 թվականին Սևրի դաշնագրին չէինք միանա, հսկայական տարածքներ ու պետություն չէինք կորցնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Եթե դասեր քաղվեին, ապա Արցախյան 1-ին պատերազմում տարած հաղթանակն անտեր չէր մնա ու պետության 1-ին դեմքի մակարդակով չէր հայտարարվի, որ Արցախը Հայաստանի զարգացման համար բեռ է, հակապետական մտածողությունը չէր հռչակվի որպես առաջադեմ գաղափարախոսություն։

Եթե դասեր քաղվեին, ապա քիրվայության դրոշակակիր դառնալու համար մրցավազք չէր սկսվի 2008-ի նախագահական ընտրություններից հետո։

Եթե դասեր քաղվեին, ապա 2008-ի սադրիչը 2018-ին չէր դառնա վարչապետ՝ մինչև այդ ազատվելով բանտից ու երկու անգամ դառնալով ԱԺ պատգամավոր։

Եթե դասեր քաղվեին, ապա մենք լրիվ ուրիշ քաղաքական վերնախավ պետք է ունենայինք, լրիվ ուրիշ բիզնես հարաբերություններ պետք է լինեին, լրիվ ուրիշ կրթական համակարգ պետք է ներդրվեր։

Եթե դասեր քաղվեին, ապա մենք արտաքին աշխարհում ոչ թե տերեր ու դայակներ կփնտրեինք, այլ դաշնակիցներ։

Եթե դասեր քաղվեին, ապա 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմ չէր սկսի։

Եթե դասեր քաղվեին, ապա Հայաստանն այս օրին չէր լինի։

Եթե դասեր քաղվեին, ապա Արցախյան այս նոր պատերազմում նոր ցեղասպանություն չէինք ստանա։ Ցեղասպանություն, որի համահեղինակը նաև Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդն էր, ով անուղղակիորեն խոստովանել է իր համահեղինակ լինելը։

Հակահայկական շրջանակների թերմացքը հայտարարեց, որ ինքը գերադասել է երեխեքին անպաշտպան ուղարկել բայրաքթարների տակ, որպեսզի հանկարծ իրեն չասեն դավաճան։ Դա իհարկե իրեն չփրկեց դավաճանի պիտակից։ 5 հազարի գլուխն ուտելու համահեղինակին հիմա դավաճան էլ են ասում, թուրք էլ են ասում, «ողջունում» էլ են։

Հարցը, սակայն, մնում է բաց․ դասեր քաղե՞լ են հայերը Ցեղասպանությունից, թե՞ ցեղասպանվելը բնավորության գծի է վերածվել։ Այդ հարցի վերջնական պատասխանը ստանալուն շատ քիչ ժամանակ է մնացել»,- գրել է Թևանյանը:

Նմանատիպ նյութեր