ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը
Ապրիլի 20-ին կայացավ ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը:
Կոնգրեսին ելույթ ունեցավ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով առաջարկեց ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկեցին տեքստի ընդունման օգտին:
Տեքստը ներկայացնում ենք ստորև.
«ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաները և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցները դատապարտում են այսպես կոչված «Սուպերլիգայի» վերաբերյալ հայտարարությունը: ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն անդրդվելի է այն հարցում, որ փակ «Սուպերլիգան» հակասում է եվրոպական հայեցակարգին, որն է՝ միասնական, բաց, միմյանց աջակցող, սպորտային արժեքների վրա հիմնված: ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները հավատում են իրական եվրոպական մոդելին, որը հիմնված է բաց մրցաշարերի, սոլիդարության և միջոցների այնպիսի բաշխման վրա, որն ապահովում է ֆուտբոլ խաղի կայունությունը և զարգացումը բոլորի համար և եվրոպական արժեքների ու սոցիալական արդյունավետության խթանումը:
Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է այն փաստը, որ նրանց այսօրվա կարգավիճակը ձեռք չի բերվել մեկուսացման պայմաններում։ Այն եվրոպական դինամիկ համակարգի մի մասն է, որտեղ թե՛ մեծ և թե՛ միջին ու փոքր ակումբները իրենց լուման են ունեցել բոլորի հաջողություններում և ձախողումներում։ Բոլորից առանձնանալու և բոլորի կողմից ստեղծված ժառանգությունը սեփականաշնորհելու նախաձեռնությունն անարգանք է եվրոպական, ինչպես նաև մարզական արժեքների նկատմամբ։
ՈՒԵՖԱ-ն և իր անդամ կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ամուր կանգնած են իրենց դիրքերում և բոլոր հնարավոր միջոցներով կպայքարեն վերոնշյալ ակումբների սեփականատերերի և նրանց հովանավորների այս քայլի դեմ։ Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ»:
Հիշեցնենք, որ եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:
Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:
Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:
20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով: