ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նշենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ։
Ըստ այդ ներկայացված հաղորդման՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առնվազն 10 տարվա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել (2003-2012 թթ.), իսկ ՀՀ նախագահ է ընտրվել 2018 թ.: Այս պարագայում չի ապահովվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։
«Երբ բողոքն արդեն պատրաստ կլինի, կարող եմ գործի մանրամասները ներկայացնել: Բողոքարկման վրա այժմ էլ աշխատում, փորձելու ենք նյութերի պատճենները ստանալ նախաքննության մարմնից, որ ավելի հանգամանալից անդրադառնանք բողոքի փաստարկներին»,- ասաց Արա Զոհրաբյանը: