211652_close_icon
views-count932 դիտում article-date 09:07 19-01-2023

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական գործը դոփում է տեղում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեում դոփում է տեղում: Շուրջ երկու տարի է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս քրեական գործով մեղադրյալ չկա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Ինչն է շարունակվում մասնավորապես՝ պարզ չէ: Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր-մունր ձկների` թաղապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց, ոստիկանության նախկին տեսուչի եւ նման այլ դեպքերի հետեւից, մինչդեռ խոշոր ձկները լողում են անպատիժ:

Հիշեցնենք, որ 2021 թվականին 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էին ներկայացրել: Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը, բողոքի հիման վրա, վերացրել է ՀՔԾ որոշումը եւ հարուցել Է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Միեւնույնն է, գործը փաստացի չի քննվում, Արմեն Սարգսյանն էլ հասցրեց այդ ընթացքում խորհրդավոր կերպով հրաժարական տալ ու անհետանալ Հայաստանից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր