211652_close_icon
views-count1734 դիտում article-date 12:12 02-04-2021

Արմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահին ուղեկցել են մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Հայաստանի զինված ուժերի նախկին ժամկետային զինծառայողներ Արկադի Անդրեասյանը, Արսեն Հովակիմյանը, Անդրե Վարդումյանը և Գոռ Դարմանյանն ու Լիպարիտ Մելքոնյանը: Վերջիններս Հայրենիքի պաշտպանին աջակցելու նախագահական նախաձեռնության շրջանակում աշխատանքի են անցել Հանրապետության նախագահի աշխատակազմում:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, զրուցել Եռաբլուր այցելած՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների հետ:

Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, ապա, ըստ որոշ տեղեկությունների, զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր