211652_close_icon
views-count1671 դիտում article-date 10:49 30-03-2021

Ամենասարսափելին այն է, որ «ժողովրդի» համար այս վիճակը միանգամայն հանդուրժելի է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2016-17 թվականներին տաքսու վարորդներն իրենց հեռախոսներում պահում էին Նիկոլ Փաշինյանի ելույթներն Ազգային ժողովում, եւ եթե ճանապարհը երկար էր լինում, միացնում էին դրանք՝ հաճույք ստանալու համար, թե ինչպես է այդ ընդդիմադիր քաղաքական գործիչը «չոտկում հանրապետականին»: Իմ դաստիարակության եւ ճաշակի տեսանկյունից՝ այդ ելույթների ձեւն ու բառապաշարը հեռու էին կատարելությունից, չնայած բովանդակային առումով այնտեղ կային բազմաթիվ ճիշտ դիտարկումներ: (Ուրիշ հարց, որ երեք տարի իշխանություն լինելով, պետք էր դուրս գալ «ընդդիմադիր տրիբունի» դերից): Բայց բոլոր դեպքերում այդ ելույթների լեզուն հիմնականում տեղավորվում էր քաղաքական բառապաշարի սահմաններում:

Մի քանի օր առաջ տաքսիստը միացրեց Ամերիկայում ապրող մեր հայրենակիցներից մեկի ելույթը, որտեղ չափազանց յուրովի մեկնաբանվում էր մեր քաղաքական անցուդարձը: «Յուրահատկությունն» այն էր, որ գրեթե ամեն մի նախադասության մեջ հնչում էին սեռական բնույթի հայհոյանքներ. վարորդը ամեն մի հայհոյանքից հետո բավարարված քմծիծաղ էր տալիս: «Ցենզուրայից դուրս» արտահայտություններն ուղղված էին որոշ չափով նախկին, բայց հիմնականում՝ ներկա իշխանություններին: Երբ ես խնդրեցի այդ տեսագրությունն անջատել, տաքսիստն ասաց՝ «կներեք, հասկանում եմ, որ դա ձերը չի, բայց զատո ամեն ինչ չոտկի ասում է»:

Ճիշտն ասած, ծանոթ չէի մեր այդ հայրենակցի «ստեղծագործությանը», եւ, բնականաբար, չեմ պատրաստվում այդ տեսագրությունները դիտել, բայց ստուգել եմ՝ նյութերը հավաքում են տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր դիտումներ: Եվ ահա ես մտածում եմ. եթե «ժողովուրդը» երբեւէ «մերժի» ներկայիս վարչապետին, ապա ոչ թե հանուն հայրենիքի, պետության կամ որեւէ գաղափարի: Իշխանափոխության համար պատճառ չեն դառնա անգամ ստամոքսային խնդիրները՝ դրանց «հակաթույնը» արտագաղթն է: «Ժողովուրդը» «կմերժի Նիկոլին» միայն հանուն այնպիսի մի մարդու, որը Փաշինյանից ավելի Փաշինյան կլինի, ավելի «չոտկի», ավելի «քլնգող», ավելի «ժողովրդական» լեզվով կխոսի: Ինչ-որ տեղ շնորհակալ եմ նախկին գործընկերոջս, որ նա իմ աչքերը բացեց «ժողովրդի» իրական կերպարի վրա՝ դա իմ վերջին կես տարվա ամենակարեւոր բացահայտումը դարձավ:

Այն, որ մենք պատերազմում պարտություն կրեցինք, իհարկե, սարսափելի է: Ավելի սարսափելի է, որ այդ պարտության գլխավոր ճարտարապետի «դուխը հերիքում է» իր պաշտոնին մնալու: Իսկ ամենասարսափելին այն է, որ «ժողովրդի» համար այս վիճակը միանգամայն հանդուրժելի է: Եթե «ժողովուրդը որոշի» փոխել իր ականջի համար հաճելի բաներ խոսացող ներկա լիդերին, ապա կընտրի մեկ այլ առաջնորդի, որը կխոսի ավելի հաճելի բաներ, ավելի ճարպիկ լեզվով կխաբի իրեն:

Իսկ ինչո՞ւ եմ ես «ժողովուրդ» բառը չակերտների մեջ վերցնում: Որովհետեւ այն մեծամասնությունը, որի զգացմունքները ես նկարագրում եմ, արժանի չէ «ժողովուրդ» կոչվելու»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր