Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում, այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, կասեցրել էր գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որոնք բավարարվել էին Արմեն Դանիելյանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։ Մինչդեռ և՛ բողոքներ ներկայացնելուց առաջ, և՛ հենց վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը պնդել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը առհասարակ չէր կարող քննության առնվել վերաքննիչ դատարանի կողմից։Վճռաբեկ դատարանը, 2021 թվականի մարտի 17-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, գտել է, որ առաջին ատյանի դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը համաձայնեց պաշտպանների հետ և ուղղակի արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը ենթակա էր հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից։
Հետևաբար, դատավոր Գրիգորյանի կողմից՝ 300․1 հոդվածի հետ կապված ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից այն քննության առնելու վերաբերյալ շուրջ երկու տարի հնչեցված բոլոր շահարկումները ոչ միայն հիմնազուրկ էին, այլև՝ էական դատավարական խախտում էին։