211652_close_icon
views-count83391 դիտում article-date 18:55 07-03-2021

Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա տղան հրազենային և մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 02:00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային, իսկ գլխի մասում՝ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի՝ օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստեակեսյանը:
 
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Մուրադյանն է, ով՝ ըստ բժիշկների հայտարարության, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:
 
Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը:
 
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել տաքսի ավտոմեքենայով, և տեղափոխողի ինքնությունը ոստիկանները պարզել են:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար, որտեղ և ինչ հանգամանքերում է Ա. Մուրադյանը հրազենային վնասվածք ստացել:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր