211652_close_icon
views-count1679 դիտում article-date 17:12 04-03-2021

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

2021 թվականի մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթները համակարգողի տեղակալ Ջուլիանա Ամադոր Մեսսային և ազատազրկման
վայրերի պատվիրակ Չինգիզ Աբդիժապարովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատազրկված անձանց պահման պայմաններին, պատժի կրման կարգին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր վիճակին վերաբերող հարցեր: Արթուր Գոյունյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիների
ընթացքում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ սննդի ապահովման նոր համակարգի գործարկումը, շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցվածությունը:

Առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ազատազրկված անձանց պահման պատշաճ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ու ազատության երաշխավորման հետ կապված խնդիրների համակողմանի լուծման անհրաժեշտությունը:

Ծառայության պետը  հավաստիացրել է, որ վերջիններս պահվում են նույն պայմաններում, ինչ ՀՀ քաղաքացիները, և նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին ու խնդիրներին օրենքի շրջանակներում տրվում են համապատասխան լուծումներ:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց շնորհակալություն են հայտնել՝ հաստատված սերտ համագործակցության և խնդրո առարկա հարցերին անխոչընդոտ լուծումներ տալու համար:
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին

 

Նմանատիպ նյութեր