211652_close_icon
views-count1821 դիտում article-date 10:39 12-02-2021

Թեհրանն ու Վաշինգտոնը հետաքրքրություն են ցույց տալիս Իրանի միջուկային գործարքը վերականգնելու հարցում․ «Ամերիկայի ձայն»

Իրանը չորեքշաբթի օրը նշում էր Իսլամական Հանրապետության հիմնադրման 42-րդ տարեդարձը: 1979 թվականի այդ նույն օրն էր, որ հեղափոխության արդյունքում տապալվեց Արեւմուտքի աջակցությունը վայելող Մոհամմեդ Ռեզա Փահլավի շահի իշխանությունը, եւ իշխանության եկան իսլամիստները: Նույն թվականի ապրիլ ամասին էր, որ իրանցիները քվեարկեցին Իսլամական Հանրապետություն հիմնելու օգտին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Արարողության ընթացքում արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ողջունելով հեղափոխության տարեդարձը, դատապարտեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին` Իրանի միջուկային միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերելու համար:

«Դոնալդ Թրամփը խաղադրույք կատարեց այն առասպելի վրա, ըստ որի Իրանն այն պետությունն է, որին կարելի է ստիպել, որ այն ընտրություն կատարի փլուզվելու և ենթարկվելու միջև: Բայց Թրամփը ոչ առաջինն էր, ոչ էլ երկրորդը: Նա իրականում ԱՄՆ-ի յոթերորդ նախագահն էր, որը նույն հարցով կատարեց խաղադրույք ու կորցրել այն»,- հայտարարեց Զարիֆը:

«Իսկ եթե Իրանում հեղափոխությունը հաջողություն էր, ապա ինչու՞ են այս երկրից հեռացել հինգից ութ միլիոն քաղաքացիներ»: Նման հրապարակային հարց է ուղղում փորձագետ Ալեքս Վաթանկան:

Ֆրանսիայի տնտեսագետներից Ջամչիդ Ասսադին էլ ասում է, թե տնտեսական իրադրությունն Իրանում հիմա էլ շարունակում է վատթարանալ: Նա մատնացույց է անում իրանական արժույթի արժեզրկման, սղաճի խորացման ու գործազրկության թվի աճի մասին փաստերը:

Այնպես որ, եւ Իրանն ու ԱՄՆ-ը այժմ ունեն միջուկային միջազգային պայմանագիրը վերակենդանացնելու հարցում հետաքրքրություն, ասում են քաղաքական վերլուծաբանները:

Նրանց խոսքերով, ԱՄՆ-ին մեծապես է մտահոգում Իրանում միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունը, եւ Պետդեպարտամենտը այս պահին հրատապ քննարկումներ է անցկացնում իր դաշնակիցների հետ, որպեսզի վերականգնվի Թրամփի օրոք ավերված միջուկային պայմանագիրը:

Զարիֆն էլ կոչ է անում Ջո Բայդընին, բաց չթողնել միջուկային գործարքը վերականգնելու հարցում Թեհրանի կողմից պատրաստակամության այս պահը:

Նմանատիպ նյութեր