Բիլ Գեյթս. Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում կարևոր է հետևել պատվաստանյութերի արդյունավետությանը
                        Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումը կարևոր գործոն  է ամռանը նախատեսված  Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման համար: Kyodo գործակալությանը տված հարցազրույցում նման   կարծիք է  հայտնել  Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նա  նաև ասել է, որ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում  կարևոր է հետևել  պատվաստանյութերի արդյունավետությանը։ Եթե այդ արդյունքը դրական լինի, ապա  հնարավոր կլինի խոսել խաղերի անցկացման մասին։
Գեյթսը և նրա կինը ՝ Մելինդան, ղեկավարում են  50 միլիարդ դոլար հիմնադրամով  բարեգործական կազմակերպություն։ Գործունեության հիմնական ուղղություններ են  պայքար  զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ և առողջապահական ու կրթական ծրագրերը:
Հիմնադրամի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ արդեն հատկացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և աղքատներին աջակցելու համար, որոնք առավել խոցելի են համաճարակի պայմաններում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

