211652_close_icon
views-count59287 դիտում article-date 14:49 27-01-2021

Բողոքի ակցիա Կոտայքի մարզում․ «Առողջ սունկ» ընկերության աշխատակիցները փակել են ճանապարհը․ պահանջում են իրենց մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը․ ժամանել են ոստիկաններ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող «Առողջ Սունկ» ընկերության մի խումբ աշխատակիցներ հավաքվել են Նուռնուս գյուղի Ամառանոցային փողոցում և պահանջում են, որպեսզի նշված ընկերությունն իրենց աշխատանքային պարտավորությունները կատարի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Խաղաղ պայմաններում բողոքի ակցիա ենք անում, և մեր ակցիան ուղղված է «Առողջ Սունկ» ընկերության տնօրինության դեմ, որպեսզի նրանք վերջապես վճարեն 3-4 ամիս չվճարված մեր գումարները։ Առանց չափազանցնելու՝ երբեմն 24 ժամ, երբեմն էլ շաբաթ-կիրակի՝ մեր հանգստի հաշվին, աշխատել ենք։ Նախկին տարիներին աշխատավարձի ստացման խնդիրներ չենք ունեցել, գոհ ենք եղել, բայց արդեն 4 ամիս է հայտնվել ենք Թումանյանի «Շուն ու կատվի» օրին՝ ուրբաթ օրը համեցեք տար, իսկ էդ ուրբաթը երբ ա գալու, երևի միայն Աստծուն է հայտնի։ 4 ամիս է խանութներին համոզում ենք, որ հեսա վճարումը կանենք՝ հավատալով, որ գումարը կտան, բայց ստացվում է՝ «էշ մի սատկի, գարուն կգա»։ Աշխատողներ էլ կան, որոնց գազը, էլեկտրաէներգիան անջատել են պարտքերի պատճառով։ Էլ չենք ասում, որ բանկերը, արդեն մեր անուն-ազգանունը հենց լսում են, ասում են դուք «չոռնի» ցուցակի մեջ եք հայտնվել։ Մարդիկ էլ կան, որ վարձով են բնակվում։ Արդեն վարձատերը ասում է, թե 3-4 ամիս է մարդկային վերաբերմունք եմ ցուցաբերել, բայց հիմա էլ չեմ կարող սպասել, տունը պետք է ազատեք»։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներին է հանդիպում նշված ընկերությունում որպես մատակարար աշխատող Հայկ Հակոբյանը, ով մարդկանց հայտնեց, որ տնօրինությունը խոստանում է՝ մինչև փետրվարի 2-ը վճարել նոյեմբեր ամսվա գումարը, իսկ մնացածի մասին էլ տնօրինությունը առանձին իրենց կհայտնի։ Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ իրենց մոտ հավատ չկա։ Հերթական անգամ տնօրինությունը փափուկ բարձ է դնելու իրենց գլխի տակ, իսկ իրենք չեն կարողանալու բանկերին, էկետրացանցերին, գազի տեսուչներին հայտնեն, որ մեկ-երկու օր էլ սպասեն, գումարները կվճարեն։ Նշված ընկերության ինչ-որ աշխատակցի ահազանգով ժամանել են նաև Ոստիկանության, հավանաբար, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները։ Սակայն Ոստիկանության աշխատակիցները այստեղ անելիք չունեն, քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները նրանց տեղեկացրեցին, որ իրենց գործողություններում ոչ մի հանցակազամ, ոչ մի հակաօրինական քայլեր չկան․ «Մենք, մեր քրտինքի դիմաց, մեր օրինական աշխատավարձերն ենք ուզում»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր