2088 դիտում
09:27 15-01-2021
Ինչպես դատախազը տապալեց գերիների հարցի լուծումը և Մոսկվայից վերադարձավ ձեռնունայն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Այնուհետև ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
Ապա մեծ շուքով հայտարարվեց, թե ՌԴ ու ՀՀ դատախազները ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, մի փաստաթուղթ, որը ստորագրվում է միշտ ՌԴ-ի կողմից ԱՊՀ անդամ բոլոր երկրների դատախազությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է դատախազների եռակողմ հանդիպմանը, ապա, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:
Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ դատախազը միայն լսողի դերում է եղել։ ՀՀ գլխավոր դատախազը երբ բարձրացրել է մեր ռազմագերիների հարցը՝ հետաքրքրվելով, թե ինչու են նրանց ահաբեկիչներ ճանաչել, ադրբեջանի դատախազը ասել է, թե նրանք իրենց մոտ հայտնվել են պատերազմի ավարտից հետո պայմանավորվածության խախտման արդյունքում, դրա համար էլ ռազմական հանցագործներ են և չեն վերադարձվելու: Խոսվել է նաև այլ «ռազմական հանցագործների» մասին՝ Արայիկ Հարությունյան, Ջալալ Հարությունյան, Սեյրան Օհանյան և այլք, որոնց նկատմամբ Ադրբեջանը արդեն միջազգային հետախուզում է հայտարարել, իսկ Հայաստանի դատախազությունը միայն ադրբեջանցի մի ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարել:
Սակայն այս հարցով էլ հնարավոր չի եղել ՀՀ և Ադրբեջանի դատախազների միջև ընդհանուր հայտարարի գալ: Ասել է թե՝ Արթուր Դավթյանը չի կարողացել ռազմագերիների և հայ նախկին ու ներկա զինվորականների հարցը լուծել՝ գոնե հետախուզումը հանելու մասով:
Իսկ ինչո՞ւ 90-ականների և 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայ մի շարք ռազմական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարել նույն Ադրբեջանը։ Պարզվում է, որ այդ տարիներին ՀՀ-ից ՌԴ-ի միջոցով մեսիջ է ուղարկվել Ադրբեջանին, զգուշացրել են, որ եթե նման քայլ անեն, նույն պատասխանը կստանան Հայաստանից. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինտերպոլով կհետախուզվի և տեղաշարժի խնդիր կունենա: Այդպիսով, թեման փակվել է: Սակայն Հայաստանը՝ ի դեմս դատախազ Դավթյանի, չի կարողացել այնպիսի իրավական հավասարակշռություն ստեղծել, որ բարձրացված հարցերից գոնե մեկի ուղղությամբ լուծման աշխատանքներ ընթանան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2171 դիտում
22:32 12-01-2021
Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն
838 դիտում
18:36 12-11-2024
Փաշինյանի կուսակցությունը տապալեց ԱԺ-ի կողմից հայ գերիների վերաբերյալ հայտարարության ընդունումը
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»