14369 դիտում
21:34 28-12-2020
Ոստիկանության պաշտոնաթող սպաներով պատրաստ էինք գնալ ռազմաճակատ որպես խորհրդական, որպես համակարգող, որպես զինվոր՝ թույլ չտվեցին. Աշոտ Գիզիրյան
[url=https://hraparak.am/post/e490afa192ef7798e67fda1c1b2a87e1?fbclid=IwAR2PhPbGAekraeBW8eox9MlQjnYofzSZrCTQ_FeyN9zyS6T5G4LQtAWi7DI]Hraparak.am[/url]-ը գրում է. Ոստիկանության գեներալ-մայոր, 2010-13 թթ․ Շիրակի մարզպետ աշխատած Աշոտ Գիզիրյանը պատերազմի առաջին օրերին զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և առաջարկել իր օգնությունը, որ իրեն ներգրավեն պատերազմական գործողություններին, քանզի Արցախյան առաջին պատերազմին մասնակիցներից է եւ մեծ փորձառություն ունի։ Ոստիկանապետը ոգևորվել է, ողջունել առաջարկը, խոստացել, որ կկապվեն իր հետ, սակայն այդպես էլ չեն կապվել։ Աշոտ Գիզիրյանի համար կամավոր հասկացությունն ինքնին խորթ է, քանզի մենք ունենք կանոնավոր և մարտունակ բանակ, եւ կարծում է, որ մեր բանակը չպետք է պարտվեր՝ ունենալ 18-20 տարեկան այդպիսի հայրենասեր, խիզախ տղաներ ու պարտվել՝ իր համար անհասկանալի է։
«Ինչո՞ւ ես դիմեցի ոստիկանություն։ Առաջին իսկ օրերին զանգեցի ոստիկանապետին՝ Վահե Ղազարյանին, որին չեմ ճանաչում, բայց իր պահվածքը, աշխատաոճը նայելով՝ տեսնում եմ, որ համեստ անձնավորություն է՝ ի տարբերություն նախկինների։ Զանգահարեցի, ներկայացա, ասացի․
«Վահե, դու երևի գիտես, որ նախկինում գումարտակները, որ ձևավորվել ուղարկվել են Ղարաբաղ, այդ գումարտակների առաջին հրամանատարներից մեկը ես եմ եղել, ես պատրաստ եմ, և ոչ միայն ես, նաև Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), Իշխան Իշխանյանը, Նվեր Հովհաննիսյանը և մի քանի հոգի, որոնք արցախյան պատերազմին մասնակցել են, պատրաստ ենք գալ թե՛ զինվոր, թե՛ որպես խորհրդական, թե՛ որպես համակարգող և օգտակար լինենք ձեզ»։ Իմիջիայլոց, շատ ուրախացավ, նույնիսկ հուզվեց։ Ես դիմել եմ նաև ՊՆ, որ օգտակար լինեմ, բայց մնացել է անպատասխան։
Վահեի հետ երեք անգամ խոսեցի հեռախոսով, ասաց՝ պարոն գեներալ, ես միանձնյա չեմ կարող որոշել, պետք է դա կառավարության հետ համաձայնեցվի։ Ասացի՝ ես սպասում եմ քո զանգին։ Մեկ, երկու, երեք՝ սպասեցի, տեսա՝ չկա, հասկացա, որ մերժված է այդ հարցը»,-պատմեց մեզ ոստիկանության նախկին պաշտոնյան։ Պարոն Գիզիրյանին հետաքրքրում է՝ Վահե Ղազարյանն ի՞նքը չի զեկուցել վարչապետին, թե՞ զեկուցել է, բայց վարչապետը չի ցանկացել օգտվել իրենց ծառայություններից։ «Ես ուզում եմ հույսով լինել, որ ոստիկանապետն այդ մասին զեկուցել է կառավարությանը կամ վարչապետին, որովհետև մի բան է՝ վարչապետը չի ցանկացել, այլ բան է, որ ոստիկանապետը չի զեկուցել։ Սա ինձ համար շատ կարևոր է, ես դրա պատասխանն ուզում եմ ստանալ,-ասաց նա։
Աշոտ Գիզիրյանն ու իր ընկերները, սակայն, ձեռքերը ծալած չեն նստել։ Նա, լինելով շահումյանցի, իր մոսկվաբնակ շահումյանցի ընկերների հետ օգնություն է կազմակերպել և ուղարկել թե՛ «Եղնիկներում» կռվող մեր զինվորներին, թե՛ պայմանագրային գումարտակին, որը գտնվել է Մռավի լեռնանցքում․ մեքենաներ, սնունդ, տեխնիկա և այլն։ Աշոտ Գիզիրյանին, սակայն, շատ է վրդովվեցրել Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում արտահայտած այն միտքը, թե կամավորներին զենք չեն տվել։ Նա ասում է.
«Ի՞նչ է նշանակում՝ կամավորները գնացել են, զենք չեն տվել։ Ես՝ որպես գեներալ, պատերազմի մասնակից, լինելով ծնունդով շահումյանցի, ես ցանկություն եմ հայտնել գնալ և օգտակար լինել։ Եվ միանշանակ վստահ եմ, որ եթե գնայի, հաստատ օգտակար կլինեի։ Ու կարծում եմ, որ իմ պես շատերը կան, որ իրենց չեն ընդգրկել պատերազմական գործողություններին։ Ո՞րն է եղել նպատակը, այսինքն՝ մենք հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու, որպեսզի մեզ ինչ-որ տեղ դափնիներ չհասնե՞ն։ Սա առաջին հերթին հայրենիքի խնդիրն է»,- տարակուսում է պարոն Գիզիրյանը։ Եւ անդրադառնում Շուշիի մշակույթի տանը հավաքված ոստիկանների՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածներից զոհվելու ցավալի դեպքին։
«Որևիցե մեկը հարց տվե՞լ է՝ ինչո՞ւ զոհվեցին մեր տղաները։ Ինչո՞ւ էին մշակույթի տուն մտել՝ խորհրդակցությա՞ն։ Նպատակը ո՞րն էր խորհրդակցության, ի՞նչ դժգոհություններ են եղել տղաների մոտ։ Վերջապես բոլորս գիտենք, որ կա անօդաչու թռչող սարք, որը հիմնականում կուտակումների վրա է ռումբ գցում։ Ինչպե՞ս են կարողացել մեր տղաների տեղը հայտնաբերել։ Պատասխանը մեկն է՝ հեռախոսների վրա են գնացել։ Լավ, դու հրամանատար ես, գնացել ես պատերազմի մասնակցելու, ունես քո ենթակայության տակ 500 ընտանիք, մի՞թե չես հասկացել, որ պետք է հեռախոսներն անջատել տալ։ Եւ հիմա՝ ոստիկանության աշխատակիցների պահելաձևը, վարքը, դա էլ է ինձ համար անհասկանալի։ Այսինքն՝ ստացվում է, որ բոլորը մտածում են, թե այսօրվա պայքարը, որ բոլորը դուրս են եկել ոտքի, սա իշխանությա՞ն պայքար է։ Սա իշխանության խնդիր չէ, սա հայրենիքը պահելու խնդիր է»,-նկատեց մեր զրուցակիցը։
- Բայց ոստիկանները, որոնք վերադասի հրամանը կատարելով՝ այսօր ցույց են ցրում, իրենք շատ լավ գիտեն, չէ՞, որ իրենց ծառայակից ընկերները զոհվել են անհասկանալի պայմաններում։ Ինչո՞ւ դրան համարժեք ռեակցիա չեն տալիս։
- Ես կարծում եմ, որ ոստիկանության այդ աշխատակիցները մոլորության մեջ են։ Առաջին հերթին եկեք մարդկային տեսանկյունից մոտենանք` աշխատավարձ, բոլորը վարկերի տակ։ Գումարած դրան՝ մտածում են, թե հրաման են կատարում։ Բայց չեն հասկանում, որ մենք երկիր ենք կորցնում։ Էնտեղ շատ բարեխիղճ տղաներ կան, երբ որ անհատական բոլորի հետ խոսում ես, բոլորն էն կարծիքին են, որ ժողովուրդը ճիշտ է։ Երբ որ ընդհանրացվում է, արդեն հրաման են կատարում։
- Դուք խոսեցիք Վահե Ղազարյանի մասին, ասացիք՝ լավ բաներ եք լսել իր մասին։ Ի՞նչ եք կարծում, եթե ծայրահեղ իրավիճակ առաջանա, և քաղաքական հրահանգ լինի, որ պետք է բիրտ ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, ոստիկանապետը կգնա՞ այդ քայլին։
- Ես Ձեզ մի բան ասեմ, Վահե Ղազարյանը, եթե ցանկանում է հետագայում դավաճանի պիտակ փակցնել իր ընտանիքի, իր ճակատին, ուրեմն կգնա այդ քայլին։ Բայց ես կարծում եմ, որ Վահե Ղազարյանը չի գնա այդ քայլին։
- Իսկ ի՞նչ պետք է անեն այդ դեպքում ոստիկանապետը և մյուս ուժային կառույցների ղեկավարները։
- Պետք է աշխատեն օրենքի սահմաններում և զուսպ լինեն։
- Բայց հիմա էլ են ասում, որ օրենքի սահմաններում են աշխատում։
- Ոչ, ես տեսել եմ՝ ոնց են ոստիկանության աշխատակիցները աղջիկներին շպրտում։ Տեսել եմ՝ ոնց են ուժ կիրառում աղջիկների նկատմամբ։
- Բայց մենք հիշում ենք՝ ինչպես էին նախագահականից դիմաց կանանց քարշ տալիս ասֆալտի վրայով։
- Նախկինում խնդիրն ուրիշ է եղել։ Սա լրիվ ուրիշ խնդիր է։ Հիմա բացեմ փակագծերը՝ ինչու է ուրիշ խնդիր։ Մենք ընդունո՞ւմ ենք, որ էսօր պարտված ենք համարվում։ Տարածքները տվե՞լ ենք։ Ամեն օր ասո՞ւմ էինք՝ հաղթելու ենք։ Հաղթեցի՞նք՝ ոչ։ Հիմա ես ուզում եմ հարց տալ Վահեին, մյուսներին ու Նիկոլ Փաշինյանին նույնպես, եթե Նիկոլ Փաշինյանը իմքայլականների հետ լիներ ընդդիմություն, և ուրիշ իշխանություն լիներ, (թեպետ՝ ուրիշ իշխանության ժամանակ մենք չէինք պարտվի), արդյո՞ք Փաշինյանն ու իմքայլականները չէին պահանջի իշխանության հրաժարականը։ Միանշանակ կպահանջեին։ Հիմա հարց է առաջանում՝ եթե Ձեզանից պահանջում են հրաժարական, ինչո՞ւ եք ձեզ վատ զգում։ Ե՛վ քաղաքական դաշտում եք դուք պարտվել, և՛ պատերազմի դաշտում, հեռացեք՝ գան մարդիկ, որոնք կարող են բանակցել, վիճակը բարելավել։ Ես, օրինակ, երկու անգամ իմ դիմումի համաձայն հրաժարական եմ տվել։ Երևի թե հանրապետությունում եզակի մարդկանցից եմ այդ իմաստով։ Մեկը՝ 2008 թվականին, երբ չընդունեցի այդ ժամանակվա ոստկանապետի նշանակումը (Ալիկ Սարգսյանին նկատի ունի՝ Վ․Մ․), և 2013 թվականին, երբ որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մարզում պարտվեցին ընտրությունները։
Ես, չլինելով կուսակցության անդամ, Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմում գրեցի՝ դրանով քաղաքական մշակույթ մտցնելով՝ պատասխանատվություն կրելու։ Մտածել եմ, որ էդ մարզում, ուրեմն, խնդիրներ կան, և ես՝ որպես մարզպետ, պատասխանատու եմ։ Իհարկե, ես ընտրությունների համար պատասխանատու չէի, բայց բարոյական տեսնակյունից հրաժարական տվեցի։ Պարտվել է ՀՀԿ-ն՝ իր թեկնածուով Շիրակի մարզում, հրաժարական եմ տվել ես։
Հիմա պարտվել ենք մենք ամբողջ ազգով՝ Ադրրբեջանին, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է մարդկային ձևով հրաժարական տալ։ Ինքը և՛ քաղաքականության մեջ է պարտվել, և՛ պատերազմի դաշտում։
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
14:38 30-12-2019
Զինված ուժերը համալրվում են բժիշկ-սպաներով
1744 դիտում
11:39 23-02-2023
ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն
Այս բաժնից
511 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
676 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
547 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը