211652_close_icon
views-count1912 դիտում article-date 22:30 25-12-2020

Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ և բռնի ուժ կիրառելուց. Aravot.am

2020 թվականի դեկտեմբերի 24-ին մի շարք հավաքներ են անցկացվել Երևանում։ Առավոտյան ժամը 10-ից ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքում ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի վայրից բերման ենթարկվեցին մոտ 7 տասնյակ ցուցարարներ։ Ողջ տարածքում կենտրոնացված են եղել մեծաքանակ ոստիկանության ուժեր, որոնք մի քանի անգամ գերազանցել են մասնակիցների թվից։ Ոստիկանության գործողությունների ընթացքում ցուցարարներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել էր։ Նույն օրը երեկոյան Երևանի Տիգրան Մեծ պողոտայում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր հավաք-երթ, որի ընթացքում մասնակիցները, շրջելով Կենտրոն համայնքի տարբեր փողոցներով, պահանջում էին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հրաժարականը։ Մասնակիցների և երթն ուղեկցող ոստիկանության ներկայացուցչի հետ համաձայնություն էր ձեռք բերվել մինչև 5 րոպե տևողությամբ թույլատրել բողոքի գործողությունները՝ փողոցի երթևեկելի հատվածներում։ Մասնակիցները երթի ընթացքում կարճատև ժամանակահատվածներով արգելափակում էին Տիգրան Մեծ, Նալբանդյան, Աբովյան և Ամիրյան փողոցների երթևեկությունը։ Ժամը 18։45-ին հավաքի վայր ժամանեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները («կարմիր բերետներ») և առանց որևէ նախնական զգուշացման, Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածից սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել մասնակիցներին։ Նշված ստորաբաժանման ոստիկանները խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառեցին բռնի, անհամաչափ ուժ, որի ընթացքում մասնակիցներից մեկը ստացավ դեմքի արյունահոսող վնասվածք։ Ըստ մասնակիցների՝ գործողությունների ընթացքում ոստիկանները ցուցարարներին հասցրել են հարվածներ և հնչեցրել սպառնալիքներ։ Հատուկ գումարտակի ծառայողները, բացի 1 հրամանատարական կազմից, չէին կրում ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կրկին կոչ է անում զերծ մնալ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ և բռնի ուժ կիրառելուց, բացառել տարբերանշաններ չկրող ոստիկանների կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ միջամտությունները, զերծ մնալ մասնակիցներին անհարկի բերման ենթարկելուց։ [b]Հայաստանի Հելսինկյան կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր