ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայամետ դիրքորոշմամբ հայտնի Օսման Քավալային
Եվրամիությունը թուրքական դատական համակարգին [url=https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/90908/turkey-statement-spokesperson-extension-mr-kavalas-detention_en]կոչ է արել[/url] կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և անհապաղ ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային։
Ստամբուլի 36-րդ բարձրագույն քրեական դատարանը ուրբաթ մերժել է բարերար Օսման Քավալայի վերաքննիչ բողոքը և երկարաձգել նախնական կալանքի ժամկետը։ Նրա գործով հաջորդ լսումը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 5-ին։
«Դատարանի որոշումը հակասում է Թուրքիայի կողմից օրենքի գերակայության և հիմնական իրավունքների հանդեպ ստանձնած պարտավորությանը»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մասրալին։
Անցյալ տարվա դեկտեմբերին ՄԻԵԴ-ը վճռել էր անհապաղ ազատ արձակել Քավալային՝ հայտարարելով, որ խախտվել է նրա ազատության և անվտանգության, ինչպես նաև նրա՝ կալանքի տակ պահելու օրինականության հարցի արագ լուծման իրավունքը։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեկտեմբերի 3-ին հրապարակել է բանաձև, որը կոչ է անում ազատ արձակել Քավալային ՝ հայտարարելով, որ նրա բանտարկությունը տեղի է ունեցել ապացույցների բացակայության պայմաններում՝ խախտելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը:
63-ամյա Քավալան կտրականապես հերքում է 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքները։ Նա տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։ Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով: Նա եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: