ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին
Մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը հայտարարությամբ է հանդես եկել, որում մտահոգություն է հայտնել որոշ երկրներում մարդու իրավունքների ոտնահարման,մասնավորապես, լրագրողների և բլոգերների ձերբակալման վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է. «Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ես ուզում եմ հարգանքս հայտնել այն խիզախ լրագրողներին, ովքեր ամեն օր ԵԱՀԿ տիրույթում և նրանից դուրս վտանգելով իրենց կյանքը՝ գրում են կոռուպցիայի, հակամարտությունների և մարդու իրավունքների ոտնահարման մասին: Մի շարք երկրների կառավարություններ օգտագործում են վախեցնելու և պրոֆեսիոնալ լրագրողներին կաշառելու լավ մշակված տակտիկան: Վատագույն դեպքերում ձերբակալում են լրագրողներին քաղաքական դրդապատճառներով: Հատկապես կոչ եմ անում Ադրբեջանին, Թուրքիային և Ուզբեկստանին ազատ արձակել ճաղերի հետևում փակված լրագրողներին»: