Ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի պետության անկումը չշարունակվի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մենք դեռ տաք ենք և առօրեական խոսակցությունների մեջ դեռևս չենք հասկանում, թե մեր ժողովուրդն ինչ պատմական պարտություն է կրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Ինձ համար ակնհայտ է, որ դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանությունն է: Իհարկե, անցած 30 տարիների ընթացքում էլ եղել են անբարենպաստ զարգացումներ, որոնք խիստ բացասաբար են ազդել այսօրվա իրավիճակի վրա: Բայց դրանք ամենևին արդարացում չեն՝ ներկա իշխանության աղետալի ձախողումների համար: Թեկուզ այդ արդարացումները հնչեն ամենժամյա «լայվերի» ռեժիմով:
Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ինչ-որ դավադիր ծրագրի մաս չէ, ինչպես որ հիմա փորձում են ներկայացնել նրա ընդդիմախոսներից ոմանք. նա անկեղծորեն ուզում էր և հիմա էլ ուզում է, որ ամեն ինչ լավ լինի: Պարզապես ներկայիս վարչապետն, իմ կարծիքով, չունի պետական գործչի, երկրի ղեկավար լինելու համար անհրաժեշտ որակներ, իսկ նրա հոգեբանական հատկանիշները՝ ջղագրգիռ, հախուռն բնավորությունը, ինչպես նաև ինքնաքննադատության իսպառ բացակայությունը հնարավորություն չեն տալիս նրան սովորելու, ձեռք բերելու այդ որակները:
Պետական բարձր պաշտոնը ենթադրում է նախևառաջ սթափ հաշվարկներ, ոչ թե ամենօրյա «քլնգող» ելույթներ, «լայվեր»՝ ընդդիմախոսներին «լեզվակոխ» անելու, «լայքերի» և «սրտիկների» ակնկալիքով: Մասնավորապես, պատերազմի տարբերակին գնալուց առաջ պետք էր հաշվարկել ռեսուրսները, և եթե դրանք չէին բավարարում հաղթելու համար, ապա, պետք էր համաձայնել կարգավորման տարբերակի, որն, իհարկե, նույնպես պատվաբեր չէր, բայց չէր ենթադրում մոտ երկու հազարին հասնող զոհեր և շատ ավելի շոշափելի ու վտանգավոր տարածքային կորուստներ: Բայց մենք դեռ շատ ժամանակ կունենանք խոսելու այն մասին, թե ինչ պետք ԷՐ անել այս 2,5 տարվա ընթացքում և ինչ պետք ՉԷՐ: Հետահայաց մտորումների ժամանակը դեռ կգա:
Հիմա պետք է մտածել, թե այժմ ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի պետության անկումը չշարունակվի:
1/ Իրավապահների միջոցով լիակատար կարգուկանոն է հաստատվում Երևանի փողոցներում, հուսալի պաշտպանության տակ են առնվում պետական բոլոր կառույցները և պաշտոնակատար անձինք, խիստ պատասխանատվության են ենթարկվում ջարդարարները և ԱԺ նախագահին բռնության ենթարկողները,
2/ Հայաստանում և Արցախում իրավիճակի կայունացումից հետո (հավանաբար, դա կտևի մոտ երկու շաբաթ) Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկա վարչապետը հրաժարական է տալիս, ընտրվում է նոր վարչապետ, նախարարները ու մյուս պաշտոնյաները ժամանակավորապես շարունակում են կատարել իրենց պարտականությունները,
3/ Ազգային ժողովը սահմանադրական հիմքեր է գտնում ինքնալուծարվելու համար,
4/ անցկացվում են նոր խորհրդարանական ընտրություններ, ձևավորվում է նոր կառավարություն: Մնացած երկու ծայրահեղական լուծումները՝ մի կողմից այս իշխանության երկարաձգումը, մյուս կողմից՝ ամբոխի կողմից ինչ-որ «ռևկոմ»-ի ստեղծումը հղի են անկայունությամբ և պետականության քայքայմամբ: Եվ, ի վերջո, մենք դատապարտված չենք որպես իշխանություն ունենալու կա՛մ թալանչիներին, կա՛մ հոգեպես անհավասարակշիռ մարդկանց՝ հայ ժողովուրդը բազմաթիվ արժանավոր զավակներ ունի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]