Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է հատուցումներ տրամադրելու գործընթացը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:
Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն»,- գրել է Ստեփանյանը:
Հիմնադրամի «Ֆեյսբուքի» էջը հայտնում է, որ հատուցումները շարունակական բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում ստացած 10 ընտանիքներով:
«Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականության: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքմամբ»,- ասված է հաղորդագրությունում: