211652_close_icon
views-count2060 դիտում article-date 10:27 28-10-2020

Մի քանի կետ, որոնք բնութագրում են ներկա իրավիճակի որոշ ասպեկտներ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քանի որ թե՛ դիվանագիտական և թե՛ ռազմական ճակատներում իրավիճակն արագ է փոխվում, ինչ-որ, թեկուզ մակերեսային, վերլուծություն անելը շատ դժվար է: Այդ պատճառով ես պարզապես նշում եմ մի քանի կետ, որոնք բնութագրում են ներկա իրավիճակի որոշ ասպեկտներ՝ վկայակոչելով նաև այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Նախ՝ նահանջների, առաջխաղացումների, դիրքերի, բնագծերի մասին: Պատերազմի ժամանակ ամեն ինչ պատահում է. մարդկության պատմության մեջ չի եղել որևէ պատերազմ, որն ամբողջությամբ բաղկացած լիներ փայլուն նվաճումներից: Քանի դու ունես բանակ, որր կռվում է, ո՛չ հիասթափություններն են տեղին, ո՛չ էլ հրճվանքը: Եվ, ի դեպ, սա Երկրորդ համաշխարհային պատերազմը չէ, որ որևէ բանակ (մերը կամ հակառակորդինը) դադարի գոյություն ունենալուց և կապիտուլյացիայի ակտ ստորագրի, ինչպես որ դա եղավ Վերմախտի դեպքում: Կորուստների մասին: Պարտավոր ենք սգալ և խոնարհվել իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր նահատակների առաջ: Բայց վիշտը չպիտի մեզ թուլացնի, այլ հակառակը՝ ավելացնի մեր վճռականությունը ու տոկունությունը: Երկրի առաջին դեմքերի խոսելու և լռելու «դիալեկտիկայի» մասին: Ես առաջին պատերազմի ժամանակ աշխատում էի «ամենաչխոսկան» ղեկավարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նրա մոտեցումը գուցեև ծայրահեղություն էր: Բայց մյուս ծայրահեղությունն է ցանկացած հուզական պոռթկման ազդեցության տակ եթեր մտնելը: Մեր (ոչ միայն քաղաքական գործիչների) հրապարակային խոսքը, հատկապես պատերազմի ժամանակ, պետք է լինի հաշվարկված, կառուցիկ, պարունակի խորապես մտածված ներքին և արտաքին ուղերձներ: Իշխանափոխության պահանջի մասին. եթե ես դեմ եմ, որ պատերազմի ժամանակ տեղի ունենա իշխանության փոփոխություն, ապա դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ անում էր ներկա իշխանությունը պատերազմից առաջ և ինչ անում է հիմա: Խոսքս թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ (այդ թվում՝ անվտանգային ոլորտում) թույլ տրված կոպիտ սխալների մասին է: Բայց ես դեմ եմ այս պահին իշխանափոխության վերաբերյալ պահանջներին, քանի որ շատ լավ հիշում եմ 1990-ականների առաջին կեսին Վրաստանում և Ադրբեջանում նմանատիպ պահանջների իրականացումը, որը թանկ նստեց այդ երկրների վրա: Հետևաբար, պատերազմի ժամանակ ճիշտը ներքաղաքական պայքարը սառեցնելն է: Կամ գուցե՝ կախակայելը: Մյուս կողմից, համաձայն չեմ, որ նրանք, ովքեր գտնում են, թե այդ պայքարը պետք է շարունակել, թշնամի են կամ դավաճան: Նրանց մեջ կան շատ հարգված, մեծ վաստակ ունեցող մարդիկ: Պարզապես նրանց պատկերացումները սխալ են: Պատահում է. պետք է ոչ թե պիտակներ կպցնել, այլ հանդարտ, համբերատար բացատրել նրանց, թե որտեղ են սխալվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր