211652_close_icon
views-count2351 դիտում article-date 09:21 23-10-2020

Փոլ Սթրոնսքին մեծ ակնկալիք չունի վաշինգտոնյան հանդիպումներից․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում այսօր ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղարի հետ: Վերլուծաբանները քննարկում են հնարավոր արդյունքը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5632541.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնը պատրաստվում է հյուրընկալել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանձին հանդիպումների ընթացքում քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն նախատեսում է առավոտյան հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո կկայանա Պոմպեյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Ուրախ եմ արձանագրելու, որ Թրամփի վարչակազմը ի վերջո բարձր մակարդակի վրա որոշել է ներգրավվել գործընթացում»,- ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին ընդգծել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ իր առանձին հանդիպումների հիմքում է ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի պահպանման հարցը: ԱՄՆ շարունակում է պնդել կրակի դադարեցման անհրաժեշտությունը: Նախորդ երկու հրադադարի հաստատման փորձերը ՌԴ ու Ֆրանսիայի միջնորդությամբ ձախողվեցին ժամեր անց: Ռազմական գործողությունները շարունակվում են: Վերլուծաբան Փոլ Սթրոնսքին չունի մեծ ակնկալիքներ գալիք հանդիպումներից: Իրավիճակը ռազմաճակատում շարունակվում է մնալ լարված, ընդգծում է նա: Արտգործնախարարների առանձին հանդիպումների փաստը ևս հուսադրող չէ: «ԱՄՆ ու Թրամփի վարչակազմն ավելի լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Միգուցե նրանք փորձեն երկխոսել թուրքերի հետ, քանի որ Թուրքիան հանդես է գալիս որպես այս հակամարտության կողմ: Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը կարող է դա անել, թե ոչ»,- նշում է Սթրոնսկին: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը գտնում է, որ օր առաջ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, սակայն նա ևս մեծ մասամբ հոռետես է վաշինգտոնյան հանդիպումների հարցում: Դժվար է երկխոսել հակամարտող կողմերի հետ, երբ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ, շեշտում է նախկին դեսպանը: «Դիվանագիտությունը աշխատում է այն ժամանակ, երբ դադարում են ռազմական գործողությունները»,- ընդգծում է Կազլյարիչը: Նրա կարծիքով կրակի դադարեցման, ինչպես նաև մշտական զինադադարի հաստատման ու խնդրի կարգավորման բանալիները գտնվում են Երևանում ու Բաքվում: Կողմերն իրենք պետք է որոշումներ կայացնեն այս կապակցությամբ: Խոշոր տերությունները կարող են միասնաբար ճնշում գործադրել կողմերի վրա՝ կրակը դադարեցնելու համար, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ անհատական նախաձեռնությունները ըստ նրա սովորաբար ձախողվում են:

Նմանատիպ նյութեր