211652_close_icon
views-count833 դիտում article-date 11:17 29-09-2020

Հոգեբանական աջակցության կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար կգործի «թեժ գիծ»

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։ Նախարարությունը տեղեկացնում է, որ գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։ «Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով: Վերոնշյալ «թեժ գիծ»-ը գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության ծրագրի շրջանակում, որն իրականացնում էր Մանկական զարգացման հիմնադրամը, և նախատեսված էր արտակարգ իրավիճակով պայմանավորված հոգեբանական աջակցություն տրամադրելու համար»,-նշված է հայտարարության մեջ: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 50 ԱԹՍ, 80 զրահատեխնիկա՝ ներառյալ տանկ, 82 ավտոտրասնպորտ, 1 ինքնաթիռ:

Նմանատիպ նյութեր