211652_close_icon
views-count2980 դիտում article-date 21:54 13-09-2020

Նաիրա Զոհրաբյան. Ինձ ուղղակի ապշեցրին «Կիկոսի մահի» սյուժեի ոգով քննարկումները

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ Մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «VARDANYAN@PARTNERS» իրավաբանական կազմակերպությունը, դիմել էին ինձ՝ ներկայացնելով «Չծնված երեխայի կյանքի իրավունքը» պաշտպանող օրենքի նախագիծ եւ հիմնականում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար առաջարկել էին այդ օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ։ Արդեն նշել եմ, որ ԵԽԽՎ-ն քանիցս անդրադարձել էր Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին ու այդ ցուցանիշով մենք Ադրբեջանի եւ Ալբանիայի հետ ԵԽ անդամ երկրների առաջին եռյակում էինք, ուստի որոշեցինք քննարկել նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։ Ի դեպ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս, ով նույն կազմակերպության կողմից ստացել էր նույն օրենսդրական նախաձեռնության առաջարկը, գրավոր դիմել էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին և ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ պատգամավորներն անդրադառնալով 2020 թվականի հունիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրի՝ «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու մասին հարցին, տվել են բացասական եզրակացություն։ Հղումը՝ [url=http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13278&year=2020&month=09&day=09&lang=arm&fbclid=IwAR0H-ndfcErgeqkCORDiagSujnsd_85h4COnkEMwYai9-3O2x0Js0j9TYGE]այստեղ[/url]: Նման նախաձեռնությամբ հանդես գալու հայտարարությունից հետո ինձ դիմել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց հիմնավորումները, որ այդօրինակ կարգավորումները չեն կարող բխել կնոջ լավագույն շահից։ Բերված հիմնավորումները իմ եւ Շաքե Իսայանի համար եղել են հիմնավոր, ուստի նշյալ նախագիծը մենք շրջանառության մեջ չենք դնի։ Ինչի եմ սա ասում, որովհետեւ ինձ ուղղակի ապշեցրին «Կիկոսի մահի» սյուժեի ոգով քննարկումները՝ դեռեւս անգամ շրջանառության մեջ չդրված մի նախագծի վերաբերյալ, որը ԱԺ նախագահն ինքը ուղարկել էր գլխադասային հանձնաժողով՝ քննարկման։ Անկեղծ չեմ կարծում, որ եթե Արարատ Միրզոյանը վստահ լիներ, որ դա կնոջը նսեմացնող, կնոջ իրավունքը հիմնահատակ ոտնահարող, կնոջը ստորացնող գաղափար լիներ, այն ընդհանրապես կուղարկեր գլխադասային հանձնաժողովին։ Ասածս ինչ է՝ հասկանում եմ, որ թեմա չունեք, հասկանում եմ, որ ես եթե անգամ գրեմ՝ «Շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ», միեւնույն Է, հարձակվելու եք ու տասնյակ հարցազրույցներ եք տալու, թե Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այդ ի՞նչ իրավունք ունի Սուրբ Ծնունդ շնորհավորելու, ուրեմն՝ մի հատ հրաժարական թող տա։ Լավ, չե՞ք հասկանում, որ արդեն զվարճալի էլ չի էս ամենը, որովհետեւ, երբ աբսուրդն ու սյուրռեալիզմը դառնում է համատարած, դա արդեն լուրջ է։ Շատ լուրջ։ Մի՛ արեք։ Ձեր խիստ անձնական վերաբերմունքն իմ հանդեպ, ինչը ինձ բացարձակապես չի հետաքրքրում, մի տրանսֆորմացրեք «Կիկոսի մահով» սյուռ սյուժեների ու դեռեւս անգամ շրջանառության մեջ չդրված նախագծի շուրջ մի ամբողջ կուշտուրիցայական կինո մի սարքեք։ Լուրջ չի։ Հաստատ լուրջ չի։ Մեղմ ասած»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր